16:19 | 11.03.20 | Նորություններ | 7454
«ԱՅՍԵԿ-Հայաստան» (AIESEC in Armenia) միջազգային երիտասարդական կազմակերպությունը, այս տարի համագործակցելով Beeline-ի հետ, մարտի 13-ին Աղվերանում կմեկնարկի NLDS եռօրյա սեմինարը (երիտասարդների շրջանում առաջնորդությունը զարգացնելուն ուղղված եռօրյա սեմինար)։
Սեմինարին այս տարի մասնակցում է ավելի քան 200 հայ երիտասարդ: Կքննարկվեն երիտասարդությանը հետաքրքրող թեմաներ, ինչպիսիք են՝ առաջնորդությունը, մարքեթինգը, ձեռնարկատիրության զարգացումը, ստարտափ հիմնադրելու նրբությունները եւ բիզնեսում նորովի մտածելու արվեստը։
Սեմինարին ելույթով հանդես կգան Beeline-ի ներկայացուցիչներ, իսկ Beeline Startup Incubator-ի համակարգող Գրիգոր Հովհաննիսյանը կներկայացնի հաջողակ ստարտափ հիմնադրելու գաղտնիքները:
«ԱՅՍԵԿ Հայաստան» (AIESEC) միջազգային ուսանողական կազմակերպությունը Հայաստանում գործում է 1989 թվականից: Լինելով միջազգային, շահույթ չհետապնդող, ոչ քաղաքական եւ մինչեւ 30 տարեկան երիտասարդների կողմից կառավարվող աշխարհի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ AIESEC-ը հնարավորություն է տալիս երիտասարդներին բացահայտելու ու զարգացնելու իրենց ներուժը եւ դրանով իսկ նպաստում է հասարակության զարգացմանը:
Կազմակերպությունն այսօր ունի 100 ակտիվ անդամ եւ 2000-ից ավելի շրջանավարտ: Տարեկան կազմակերպությունն իրականացնում է միջինը 50 փոխանակման ծրագրեր։