10:59 | 11.03.20 | Նորություններ | 2060

Հայաստանում օգտատերերի 2,57%-ը 2019թ. մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների է ենթարկվել

Հայաստանում 2019թ. մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել է օգտատերերի 2,57%-ն այն դեպքում, երբ 2018թ. այդ ցուցանիշը կազմել է 4,76%:

Վրաստանում այն կրճատվել է արդեն գրեթե եռակի՝ 2018թ. 5,17%-ից մինչեւ անցյալ տարվա 1,78% մակարդակը։ Ադրբեջանում, հակառակը, մոբայլ սպառնալիքների բախված օգտատերերի բաժինը մեծ չափով աճել է, եւ անցյալ տարի կազմել 5,05%, իսկ 2018թ.՝ 2,95%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։


Դրանց համաձայն՝ 2019թ. մոբայլ վնասաբեր ծրագրերն ամենաշատն օգտատերերին գրոհել են Իրանում (60,64%), Պակիստանում (44,43%) եւ Բանգլադեշում (43,17%)։

Ինչ վերաբերում է մոբայլ սպառնալիքների կիրառումով աշխարհում գրանցված գրոհներին, ապա 2018թ. դրանց թիվը կազմել է 116,5 մլն, իսկ 2019թ.՝ 80 մլն։

Մոբայլ սարքերի վարակումից պաշտպանվելու համար փորձագետներն օգտատերերին խորհուրդ են տալիս հավելվածներ ներբեռնել միայն վստահելի աղբյուրներից եւ սարքերի կարգավորումներում անջատել կողմնակի աղբյուրներից ծրագրեր տեղադրելու հնարավորությունը։ Հարկ է նաեւ ժամանակին նորացնել համակարգը եւ կարեւոր հավելվածները։

Անվտանգության շատ խնդիրներ լուծվում են դրանց ամենավերջին տարբերակների տեղադրմամբ։ Անհրաժեշտ է նաեւ ուշադիր լինել SMS-ի, էլեկտրոնային փոստի, մեսենջերների եւ սոցիալական ցանցերի հաղորդագրությունների նկատմամբ եւ չանցնել նաեւ բրաուզերի (դիտարկիչ) չստուգված հղումներով՝ ֆիշինգային կայքերում չհայտնվելու համար։ Անհրաժեշտ է մոբայլ սարքում տեղադրել արդյունավետ հակավիրուս։