09:08 | 13.02.20 | Հոդվածներ | exclusive 92329
Երբ տարիներ առաջ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը (TSD) հայտարարեց հայկական արտադրության սմարթֆոնների, պլանշետների եւ նոթբուքերի արտադրության մեկնարկի մասին, դա իրարանցում առաջացրեց հայկական լրատվական տիրույթում եւ սոցցանցերում:
Չնայած հայկական արտադրության գաջեթների նկատմամբ հետաքրքրության աճին՝ վերջին շրջանում դրանց մասին լուրերը կտրուկ պակասել են: Որոշեցինք պարզել,
թե ներկայում ինչ փուլում են հայկական տեխնոլոգիական մշակումները:
Անպատասխան հարցում
Դիմեցինք «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությանը, սակայն վերջինիս ներկայացուցիչների հետ կապ հաստատելու մեր բոլոր փորձերն անարդյունք էին:
2020թ. հունվարի 21-ին «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության տնօրեն Վահան Շաքարյանին ուղղված գրավոր հարցումը եւս մնաց անպատասխան:
Հարցերը ներկայացնում ենք ստորեւ՝
- Ճի՞շտ են տեղեկությունները, որ «Արմթաբ»-ի եւ «Արմֆոն»-ի արտադրությունն այս փուլում դադարեցված է: Եթե այո, ո՞րն է պատճառը:
- Եթե ոչ, ի՞նչ փուլում է գտնվում արտադրությունը:
- Նրանք, ովքեր արդեն ձեռք են բերել պրոդուկտներից որեւէ մեկը, շարունակո՞ւմ են ստանալ ծրագրային ապահովում:
- Օգտատերերը դժգոհում են, որ չեն կարողանում շուկայում գտնել «Արմթաբ»-ի եւ «Արմֆոն»-ի շարունակական կիրառության համար անհրաժեշտ աքսեսուարներ եւ մասեր, օրինակ` պատյաններ, մարտկոցներ: Ինչպե՞ս եք պատրաստվում լուծել այդ խնդիրը:
- Որո՞նք են ընկերության ծրագրերը 1 տարվա կտրվածքով:
Նախարարությունների արձագանքը
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության գործունեության մասին տեղեկատվություն ստանալու նպատակով դիմեցինք նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացրին, որ «Մերգելյան ինստիտուտի տարածքում «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում գործող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության կողմից «Արմթաբ» եւ «Արմֆոն» արտադրատեսակների արտադրությունը դադարեցված չէ»։
«Չնայած այն հանգամանքին, որ ներկայում չի իրականացվում զանգվածային արտադրություն՝ պայմանավորված ԵԱՏՄ անդամ երկրներ արտադրատեսակների արտահանման խնդիրներով (ծագման հավաստագիր), այնուամենայնիվ, արտադրական գործընթացը շարունակվում է բնականոն հունով՝ կապված գիտահետազոտական եւ փորձանմուշային արտադրության հետ։
Ներկայում ընկերությունում մշակվում են արտադրատեսակների նոր մոդելներ՝ (համակարգիչներ, հատուկ նշանակության օգտագործման այլ արտադրատեսակներ)»,- ասված է նախարարության պատասխանում:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից էլ պատասխանեցին, որ նշված հարցերը նախարարության լիազորության շրջանակից դուրս են:
««Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության կողմից «Արմթաբ» եւ «Արմֆոն» արտադրանքների, ինչպես նաեւ կառավարությանը տրամադրված համակարգիչների տեխնիկական սպասարկման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք դիմել տվյալ ընկերությանը»,- նշեցին նախարարությունում:
Մի փոքր պատմություն
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը («Թի-Էս-Դի») հետազոտություններով ու մշակումներով զբաղվող ընկերություն է, որը գործում է Սանտա Բարբարայում (ԱՄՆ) եւ Երեւանում: Ընկերությունը հիմնադրվել է 1998թ., իսկ հետագայում՝ 2013թ., վերանվանվել է «Թի-Էս-Դի»: Ընկերության հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2013 թվականին:
2013թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ կառավարությունը հայտնեց, որ հիմք ընդունելով «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ՍՊԸ կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը, որոշել է ընկերությանը «ՌԱՕ Մարս» տարածքում տրամադրել շահագործողի թույլտվություն` պլանշետների հավաքման եւ ծրագրավորման գործունեության իրականացման համար:
«Ընկերությունը նախատեսում է համագործակցություն հաստատել պլանշետների արտադրության ամերիկյան Minno գրասենյակի հետ, որը կստանա Հայաստանի կազմակերպության թողարկած բոլոր պլանշետները եւ կզբաղվի դրանց իրացմամբ եւ առաքմամբ: Գործունեության երեք տարվա ընթացքում արտադրության ծավալը 10 հազար պլանշետից կհասցվի 50 հազարի, միավորի գինը կլինի 180 ԱՄՆ դոլար, ինքնարժեքը`135 ԱՄՆ դոլար: Առաջին տարում արտադրություն կներդրվի $ 1 մլն 350 հազար, երրորդ տարում` $ 6 մլն 750 հազար ԱՄՆ դոլար»,- ասված էր կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, 2013թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի նիստում ներկայացվել էին «հայկական արտադրության առաջին պլանշետը (Armtab) եւ առաջին հեռախոսը (Armphone):
2016թ. հունիսին «Ժամանակն է հայկականի...» կարգախոսի ներքո «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը (TSD) Երեւանում ներկայացրեց առաջին հայկական սմարթֆոնները՝ ArmPhone-ները:
Նույն տարվա դեկտեմբերին էլ շուկա հանվեց առաջին հայկական սմարթ ժամացույցը՝ TSD Flex-ը:
Երկու տարի անց՝ 2018թ. հուլիսին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության անդամներն այսուհետ կաշխատեն նոր՝ հայկական արտադրության համակարգիչներով:
Նարինե Դանեղյան