17:31 | 04.02.14 | Նորություններ | 9744
Առաջին հայկական պլանշետ ԱրմԹաբի արտադրության գործընթացում արդեն իսկ ներդրվել է $6.5 մլն, իսկ արտադրված պլանշետների քանակն առաջիկա տարիներին նախատեսվում է հասցնել մինչեւ 50 հազար:
Այս մասին հայտարարել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» կորպորացիայի հիմնադիր Վահան Չակարյանը պլանշետի այսօր Երեւանում կայացած պաշտոնական ցուցադրության ժամանակ:
“ՀՀ կառավարության շարունակական աջակցության շնորհիվ 2013թ. դեկտեմբերին Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս-ը դարձել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում գրանցված առաջին արտադրական ընկերությունը: Դնելով պլանշետների արտադրության գործի առաջին հիմնաքարը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ մենք նպատակ ունենք 2015 թ-ից ԱրմԹաբ պլանշետները ներդնել ՀՀ դպրոցական համակարգում”,- հայտարարել է Վահան Չակարյանը:
Նրա խոսքերով, արդեն իսկ մշակվել են ԱրմԹաբ-ում ներկառուցվող հայկական օպերացիոն համակարգ, կրթական հավելվածներ, որոնց թիվն օրեցօր ավելանալու է:
«Այդպիսով, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ձեռք կբերի հայկական կրթական բովանդակության լուրջ միջավայր ստեղծելու նոր եւ արդյունավետ գործիք: Սա նաեւ համագործակցության լայն հնարավորություններ կբացի հայկական ընկերությունների համար: Կանենք ամեն ինչ, որպեսզի արդեն 2014թ. երկրորդ եռամսյակում զարկ տանք արտադրության բուն գործընթացին՝ նպատակ ունենալով մոտ ապագայում Հայաստանում սկսել պլանշետների հիմք հանդիսացող PCB պլատաների նախագծումը եւ մշակումը,- հայտարարել է Չակարյանը:
Minno Tablet կորպորացիայի նախագահ Էրիկ Ռայանն այս ներդրումային ծրագիրը համարել է լավագույններից մեկը՝ դա պայմանավորելով ՀՀ կառավարության կողմից աջակցությամբ, ինչպես նաեւ ներգրավված աշխատակազմով եւ գործընկերներով: Նա նշել է, որ Minno Tablet-ը կապահովի նախագծի արդյունավետ մեկնարկի եւ զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, տեխնոլոգիաների փոխանցումը, նաեւ այլ աջակցություն:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ իր ելույթում կարեւորել է կրթության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը՝ նշելով, որ պետք է հասնել նրան, որ յուրաքանչյուր աշակերտի բաժին հասնի մեկ համակարգիչ կամ պլանշետ:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ ներկայացրել է այն հնարավորությունները, որոնք ԱրմԹաբի մուտքով ստեղծվում են Հայաստանի կրթության ասպարեզի համար:
ԱրմԹաբ պլանշետներում ներդրվելու են “Ինստիգեյթ Դիզայն” ընկերության «Արաքս» առաջին օպերացիոն համակարգը, «Ոստան» օգտագործողի միջավայրը, «Լոկատոր», «Բիթլիս-Մեն» ընկերությունների եւ Mlab ECA Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի կրթական հավելվածները:
Միջոցառման ընթացքում ՀՀ ԿԳՆ-ի եւ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է ԱրմԹաբ պլանշետները 2015 թ-ից ներդնել ՀՀ կրթական համակարգում:
Հավելենք, որ ԱրմԹաբ-ի գաղափարն առաջին անգամ ներկայացվել է Դիջիթեք էքսպո 2013 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսի ժամանակ, իսկ GITI-2013 տարածաշրջանային միջոցառման ժամանակ ստացել է միանգամից երկու մրցանակ՝ «Լավագույն մուլտիմեդիա նախագիծ» եւ «Տարվա ծրագրային ապահովում»: