13:48 | 01.02.20 | Նորություններ | 3230

Forbes-ի նոր հոդվածը պատմում է «աշխարհի հաջորդ տեխնո կենտրոն» Հայաստանի մասին

Forbes ամսագիրը հրապարակել է Հայաստանի տեխնոլոգիական միջավայրին ու հեռանկարներին վերաբերող ծավալուն հոդված, որը պատրաստվել է 2019թ. աշնանը՝ «WCIT»-ի օրերին:

«Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխնո կենտրոն՝ Հայաստան» վերնագրով հոդվածում հեղինակը զրուցել է ոլորտի հայ ներկայացուցիչների հետ:

«Հայ ժողովուրդը իրականում երբեք չի կարողացել ապրել իր համար: Միշտ էլ ինչ-որ մեկը տիրել է նրան, ղեկավարել… Սա, հնարավոր է, առաջին անգամն է, երբ երկիրը, եւ հատկապես երիտասարդները, իրականում հնարավորություն ունեն ինքնուրույն որոշել երկրի ճակատագիրը...»,- կարծիք է հայտնել Reddit կայքի եւ Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը:

Պարբերականի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասել է, որ փոքր ռեսուրսներ ունեցող Հայաստանի համար բարձր տեխնոլոգիաները տնտեսության հիմնական ուղղություններից մեկն են՝ շրջափակումը հաղթահարելու եւ տեղական կրթական ապրանքանիշերն արտահանելու համար:

Հոդվածում նշվում է, որ աշխարհի ամենաազդեցիկ տեխնոլոգիական ընկերությունները, ներառյալ Intel-ը, Microsoft-ը, Google-ը, IBM-ը, Synopsys-ը եւ Cisco-ն երկրում ֆիզիկական ներկայություն ունեն:

Հոդվածագիրն անդրադրաձել է նաեւ հայ հիմնադիրներ ունեցող հաջողակ ստարտափներին, մասնավորապես՝ Service Titan-ին, Shadowmatic-ին, The Crowdfunding Formula-ին, PicsArt-ին, Zoomerang-ին եւ gg-ին:

Հոդվածի կրթական բաժնում անդրադարձ է կատարվում նաեւ «Արմաթ» լաբորատորիաներին: Նշվում է, որ «Արմաթ» նախագիծն անվճար է ու տարածվում է մեծ արագությամբ։ Այժմ կա ավելի քան 575 լաբորատորիա Հայաստանում ու Վրաստանում, որոնցում սովորելու հնարավորություն ունի ավելի քան 15,000 աշակերտ։

«Երբ ուսանողները սկսում էին համալսարանական ծրագրեր ուսումնասիրել, նկատեցինք, որ այն դպրոցները, որոնցից նրանք գալիս են, այդքան էլ ուժեղ չեն, այսպես կոչված, «STEM» (Science, Technology, Engineer, Math) կրթության մեջ։ Ուստի, սկսեցինք սարքավորումների որոնում՝ ապահովելու դպրոցները ռոբոտաշինական լաբորատորիաներով»,- նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Հոդվածն ամբողջությամբ հասանելի է այստեղ: