16:29 | 31.01.20 | Նորություններ | 17125

Վիվա-ՄՏՍ-ը՝ 2019 թ. վճարված հարկերի ու հարկատուների ցանկում զբաղեցրած հորիզոնականի մասին

Վիվա-ՄՏՍ-ը պարզաբանմամբ է հանդես եկել՝ 2019թ. ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցրած հորիզոնականի վերաբերյալ:

Ընկերությունում նշել են, որ հաշվետու ժամանակահատվածում (2019թ. հունվար-դեկտեմբեր) իրականացրած հարկային պարտավորություններից (9.88 միլիարդ դրամ) բացի, Վիվա-ՄՏՍ-ի՝ 2019թ. հունվարի 1-ի դրությամբ առկա 6 միլիարդ դրամի գերավճարը, որը կատարվել է նախորդող ժամանակաշրջանում, մարվել է 2019թ առաջացած հարկային պարտավորությունների հաշվին:

«Հետեւաբար, Վիվա-ՄՏՍ-ի կողմից 2019թ. հաշվետու ժամանակաշրջանի համար կատարված հարկային պարտավորությունների մասով վճարումները փաստացի կազմում են 15.88 միլիարդ դրամ, այլ ոչ թե՝ 9.88 միլիարդ դրամ: Հաշվի առնելով վերոհիշյալը՝ Վիվա-ՄՏՍ-ը խոշոր հարկատուների վերը նշված ցուցակում կզբաղեցներ ոչ պակաս, քան 7-րդ հորիզոնականը՝ իրականացված հարկային պարտավորությունների ծավալով հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատարը:

Վիվա-ՄՏՍ-ը նաեւ հարկ է համարում տեղեկացնել, որ ընկերության կողմից պետական բյուջե նախկինում կատարված գերավճարների «մաշեցումն» իրականացվում է 2017թ-ի դեկտեմբերից»:

Գործունեության ողջ ընթացքում, Վիվա-ՄՏՍ-ի կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկային պարտավորությունները կազմել են շուրջ 259 միլիարդ դրամ: