11:27 | 25.12.19 | Նորություններ | 15988

«ՆերՈւժ» ծրագրի 2 մասնակից ինկուբացիոն շրջան կանցնի Beeline ստարտափ ինկուբատորում

Հայաստանում ամփոփվել են Դիլիջանի UWC միջազգային դպրոցում տեղի ունեցած «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի արդյունքները։  

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրին միացել են Հայաստանի ստարտափ էկոհամակարգի գրեթե բոլոր ներկայացուցիչները, այդ թվում եւ Beeline ստարտափ ինկուբատորը:  
 
«ՆերՈւժ» 2019-ին մասնակցում էին 17 երկրից ընտրված 47 տեխնոլոգիական ստարտափների 80 ներկայացուցիչներ:

Դիլիջանում հայրենադարձ թիմերի համար նախատեսված էին հայ եւ այլազգի ՏՏ լավագույն մասնագետների հետ զրույցներ, մենթորային հանդիպումներ, պանելային քննարկումներ եւ խորհրդատվական ժամեր։

Գաղափարի մակարդակում գտնվող երեք հաղթողներն են՝ «Marathon», «eBin», «SoFetch» թիմերը, որոնք ստացան $15.000, $20.000 եւ $25.000 դրամաշնորհ, իսկ շուկա դուրս գալու պատրաստ 3 ստարտափները՝ «Schedex»-ը, «Garoon Tech»-ը եւ «Fact industries»-ը համապատասխանաբար ստացան $20.000, $25.000 եւ $30.000 պարգեւներ։

Մրցանակաբաշխության օրը Հայաստանում Beeline-ը նույնպես նախատեսել էր հատուկ մրցանակ. Beeline ստարտափ ինկուբատորի թիմի կողմից ընտրվեց 2 ստարտափ՝ Craft Lab եւ Schedex, որոնք ստացան առանց մրցույթի անվճար մասնակցության հնարավորություն ինկուբատորի 6-րդ շրջափուլին։

Նրանց նաեւ մրցանակ տրվեց ինկուբատորն ավարտած ստարտափների կողմից՝ Eventor.am, 4u.am, EasyDMARC, GuideMe եւ SendSMS, որոնց ծառայություններից անվճար կկարողանան օգտվել։

«Մենք ուրախ ու հպարտ ենք այս ծրագրի մասնակիցը լինել, քանի որ ստարտափներին աջակցության մեր քաղաքականության վերջնական նպատակը հենց Հայաստանի տնտեսական զարգացման աջակցելն է: Մենք այս ծրագրերն իրականացնում ենք, որպեսզի մեր երիտասարդները կարողանան հեշտությամբ բիզնես հիմնել Հայաստանում, իսկ այժմ նաեւ Սփյուռքից երիտասարդները շահագրգռված կլինեն Հայաստան գալու մեջ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ի դեպ, Beeline ստարտափ ինկուբատորի ռեզիդենտ ստարտափներից երեքը՝ Rendchain-ը, Garoon Tech-ը եւ GuideMe-ն, որոնց թիմերում կան սփյուռքահայ անդամներ, «ՆերՈւժ»-ի լավագույն ֆինալիստների շարքում էին։ Garoon Tech-ն արժանացավ 2-րդ մրցանակի եւ հովանավորների կողմից այլ նվերների։
 
«ՆերՈւժ» ծրագրի հիմնական նպատակն է՝ Սփյուռքից տաղանդավոր ձեռներեցների, ինժեներների ներգրավումը, հայրենադարձության խթանումը, ինչպես նաեւ Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումը: Ծրագիրը հնարավորություն է ստեղծելու արտերկրում ապրող հայերի տեխնոլոգիական գաղափարները եւ նախագծերը Հայաստանում բիզնեսի վերածելու եւ գլոբալ շուկաներ դուրս գալու համար: