16:22 | 24.12.19 | Նորություններ | 5423

Լոռու մարզի բոլոր դպրոցներում այսուհետ կգործեն «Արմաթ» լաբորատորիաներ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ամփոփել է Լոռու մարզի բոլոր դպրոցներում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ տեղադրելու գործընթացը։

Այսօր առավոտյան Վանաձորի թիվ 3 դպրոցում տեղի ունեցավ հերթական «Արմաթ» լաբորատորիայի բացման արարողությունը, որով ազդարարվեց 118 նոր ինժեներական լաբորատորիաների ստեղծումը Լոռու մարզում:

Ընդհանուր առմամբ, Ալավերդու, Թումանյանի, Ստեփանավանի, Տաշիրի, Սպիտակի ու Գուգարքի տարածաշրջաններում ստեղծվել է 118 նոր լաբորատորիա, որոնք գումարվել են մարզում նախկինում տեղադրված շուրջ 24 լաբերին։

«Նախորդ շաբաթ օրը տեղադրեցինք 500-րդ լաբը (Նալբանդ գյուղում), բայց կարծում եմ՝ ոչ թե դպրոցների, այլ համայնքների քանակի վրա է պետք շեշտը դնել։ Այժմ տեղադրված 500 լաբորատորիայից օգտվում է շուրջ 400 hամայնք։ Դա նշանակալի ձեռքբերում է։ Հաջորդը Տավուշի մարզն է, որում աշխատանքները պլանավորում ենք ավարտել երկու օրում՝ ամեն օր տեղադրելով 22-23 լաբորատորիա»,- նշել է «Արմաթ» ինժեներական լաբերի տեխնիկական պատասխանատու Ավագ Սայանը։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները նախատեսված են 10-18 տարեկանների համար: Մեկ խմբում կարող է լինել մինչեւ 18 երեխա, բայց երեխաների քանակից կախված, դպրոցները կարող են ունենալ ավելի քան 1 լաբորատորիա: Ըստ նախատեսվածի, ինժեներական լաբորատորիաներ չեն ունենա միայն այն դպրոցները, որոնց աշակերտների ընդհանուր քանակը 33-ից պակաս է:

Ծրագիրն այս տարվանից իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ։ 2019թ. հուլիսին ՀՀ կառավարությունը 834 մլն դրամ է հատկացրել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար: Ըստ նախագծի, 2020թ. ավարտին «Արմաթ» լաբորատորիաներ կլինեն Հայաստանի եւ Արցախի բոլոր դպրոցներում:

ՀՀ կառավարության եւ ԱՏՁՄ ջանքերի շնորհիվ Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի բոլոր դպրոցները մինչեւ դեկտեմբերի 27-ը ապահովված կլինեն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներով։

Այսպիսով` Հայաստանում տեղակայված «Արմաթ» լաբորատորիաների քանակը դառնում է 585, որոնցում ներգրավված կլինի շուրջ 14 հազ. աշակերտ։