16:59 | 20.12.19 | Հոդվածներ | exclusive 220418

Համաշխարհային բանկի փորձագետ. Հայկական ՏՀՏ ընկերությունները պետք է փնտրեն նեղ մասնագիտական ուղղություններ

Համաշխարհային բանկը վերջերս ներկայացրեց իր նոր՝ «Հայաստանի տեխնոլոգիական ներուժի իրացում» զեկույցը, որի շուրջ քննարկումը միավորեց ՀՀ Կառավարության, մասնավոր հատվածի, ՏՏ համայնքի 60-ից ավելի ներկայացուցիչների՝ կիսվելու գաղափարներով, որոնք կնպաստեն Հայաստանի ռազմավարական վերադիրքավորմանը` բարձր տեխնոլոգիական գլոբալ արժեշղթաների զարգացմանը զուգահեռ:

Զեկույցի հեղինակը Համաշխարհային բանկի Մասնավոր հատվածի մասնագետ Իֆեյինվա Օնուգան է, ով Itel.am-ին ներկայացրել է իր տեսակետները:

Գտնել արժեքի ստեղծման մոդել`այն Հայաստանում պահելու համար

Զեկույցը մշակվել է 2019թ. փետրվար-օգոստոս ամիսներին: Հետազոտությունն իրականացնելիս բոլոր տեղական ընկերություններում ջերմ ընդունելության արժանացանք: Մարտահրավերն այն էր, որ հայերը, իհարկե, ոգեւորված են եւ շատ լավատես, այնպես որ, երբ իմ նման նորեկը գալիս էր եւ հարցնում, թե ինչ մարտահրավերների են ընկերությունները բախվում, ժամանակ էր հարկավոր, որ նրանք բացվեն եւ ներկայացնեն:

Զեկույցի նպատակն էր ցույց տալ, որ աշխարհը փոխվում է: Այսօր ականատեսն ենք, թե ինչպես են բարձր տեխնոլոգիական տարբեր ուղղությունների գլոբալ արժեշղթաները սկսում փոխվել:

Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչպիսին է այդ նոր արժեշղթաների ձեւը, թե որտեղ է ստեղծվում արժեքը, ով է գրավում արժեքը, եւ ով է շահում: Երբ իսկապես ունենանք այդ հարցերի պատասխանները, կկարողանանք մատնանշել, թե որ ուղղություններում Հայաստանը կարող է արժեք ստեղծել:

Հայաստանն ունի շատ ոգեւորիչ պատմություն՝ վերջին 20 տարիներին ՏՀՏ ոլորտի զարգացման համատեքստում: Հաջողության մի զգալի մաս վերաբերվում է աութսորսինգին, եւ դա հիանալի է, քանի որ այն համարվում է աճի ապացուցված մոդել, հատկապես ՏՀՏ ոլորտի ծառայությունների դեպքում:

Բայց չենք կարող չփաստել, որ աութսորսինգի մոդելը, իհարկե, փոխվելու է, քանի որ քիչ ծախսատար կենտրոններն արդեն ինքնուրույն են ստեղծում իրենք կարողությունները: Նաեւ մրցակցության մեջ է մտնելու ավտոմատացումը: Ցանկանում ենք վստահ լինել, որ Հայաստանը պաշտպանված է եւ պատրաստ՝ հաջորդ մարտահրավերի դեմ-դիմաց կանգնել:

Հայաստանը բաց է թողնում իրական հնարավորություններ

Երբ դիտարկում ենք Հայաստանում Synopsys-ի եւ Mentor Graphics-ի պես գլոբալ ընկերությունների գործունեությունը, թեեւ գիտելիքների փոխանցումն ու աշխատատեղերի ստեղծումն աննախադեպ են, բայց նաեւ տեսնում ենք, որ այն արժեքը, որը ստեղծվում է Հայաստանի ներսում, ի վերջո ներդրվում է երկրի սահմաններից դուրս: Կարեւոր է գտնել այնպիսի մոդել, որը կստեղծի արժեք, կպահպանի այն Հայաստանում եւ կզարգացնի հայկական էկոհամակարգը:

Ի հավելումն, մեզ անիմաստ է թվում ունենալ կրթական ռազմավարություն, որն անկախ է բարձր տեխնոլոգիաների ոլորտի ռազմավարությունից: Ճիշտ ժամանակն է, որ ՏՀՏ ոլորտը եւ կրթությունը համախմբվեն եւ սինխրոնացնեն իրենց ռազմավարությունները, այլապես ականատեսը կդառնանք, թե ինչպես ենք կորցնում լավ հնարավորություններ՝ դրանք զիջելով տարածաշրջանային մրցակիցներին: Որպես օրինակ, PicsArt-ը վերջերս Մոսկվայում բացեց Արհեստական բանականության լաբորատորիա, մասնավորապես օգտագործելով Մոսկվայի ֆիզիկայի եւ տեխնոլոգիայի ինստիտուտի ասպիրանտական ծրագրի ներուժը:

Նարինե Դանեղյանը եւ Իֆեյինվա Օնուգան Նարինե Դանեղյանը եւ Իֆեյինվա Օնուգան


Փնտրել աշխարհում նեղ մասնագիտացված ոլորտներ

Մենք հայտնաբերեցինք, որ Հայաստանում ՏՀՏ ոլորտը լավ կապեր ունի Սփյուռքի հետ: Բայց նրանք կենտրոնանում են զանգվածային շուկային միտված ուղղությունների վրա՝ հսկա ոլորտներ, մրցակցության բարձր աստիճանով:

Պարտադիր չէ, որ Հայաստանն այդ ուղղություններում ունենա համեմատական առավելություն եւ դժվար է տարբերվել այդ մրցակցության համատեքստում: Նման ուղղությունների օրինակներ կարող են լինել մարդկային ռեսուրսների կառավարման ծրագրերը, ժամանցային ծրագրերը, բանկային լուծումները եւ այլն: Ինչո՞վ է Հայաստանն ավելի մրցունակ՝ տրամադրելու առողջապահության կառավարմանն առնչվող լուծումներ՝ Սան Դիեգոյում գործող հիվանդանոցին, եթե նույն քաղաքում, նույն ժամային գոտում տեղակայված է ընկերություն, որը նմանատիպ լուծումներ է մշակում, եւ որի մասնագետները կարող են ամեն օր այցելել այդ հիվանդանոց եւ հասկանալ այն խնդիրները, որոնք պետք է լուծել:

Հայկական ընկերությունները պետք է որոնեն գլոբալ առումով նեղ ոլորտներ, որտեղ գործոնային պայմանների մասով կունենան հստակ առավելություններ: Մենք գտել ենք մի քանի ուղղություններ, ինչպես բիոտեխնոլոգիաները, մաքուր տեխնոլոգիաները, սեյսմակայուն ճարտարագիտությունը (Earthquake engineering), Արհեստական բանականությունը եւ քվանտային համակարգերը:

Որոշ մարդկանց ծիծաղելի կթվա այն գաղափարը, որ հայերը կարող են լավ արդյունքների հասնել քվանտային համակարգերի ստեղծման ասպարեզում, բայց այստեղ խոսքը չի գնում քվանտային համակարգիչների մշակման մասին:

Հայաստանում զարգացած են ֆիզիկայի, միջուկային էներգիայի հետազոտությունների, ինչպես նաեւ աղմուկի եւ սխալմունքի նվազեցման ուղղությունները, ինչպես նաեւ ծրագրային ապահովման ծրագրերը, որոնք կառուցված են տարբեր ամպային քվանտային նախատիպերի վրա, եւ դրանք անպայման կենսունակ տարբերակ են հայկական ձեռնարկությունների համար: IBM-ը, Google-ը, Amazon-ը եւ այլ խոշոր ընկերություններ արդեն իսկ ներդրում են կատարում քվանտային համակարգերի մեջ:

Նաեւ կան ընկերություններ, որոնք գիտակցում են, որ հնարավորություն կա քվանտային համակարգեր կիրառել իրենց լուծումներում եւ սկսում են ներդրումներ անել այդ ուղղությամբ:

Եթե հայերը կարողանան ստեղծել համայնք, հետազոտական ծրագրեր, իրականացնել տեղեկատվության փոխանակում, որեւէ պատճառ չի կարող խանգարել Հայաստանին դառնալ գլոբալ խաղացող՝ նշված ուղղություններում:

Վերլուծություն գործնական առաջարկներով

Սա յուրօրինակ վերլուծություն է՝ գործնական առաջարկներով: Այս զեկույցի պատվիրատուն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է:

Մեր նպատակն է ստեղծել ճիշտ էկոհամակարգ եւ թույլ տալ մասնավոր սեկտորին՝ շարժվել եւ ինքնուրույն զարգանալ: Մասնավոր ոլորտի բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնք այս տարածքում են գործում, օրինակ` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: Սրան գումարած, Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) մեր գործընկերներն այս զեկույցը որպես հիմք կօգտագործեն՝ հայաստանյան ՏՀՏ ոլորտի ուսումնասիրություն իրականացնելու համար:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայաստանյան ՏՀՏ համայնքին՝ ինձ ներս թողելու համար: Շնորհակալ եմ օգնության համար եւ անհամբերությամբ սպասում եմ հաջորդ փուլին:

Իֆեյինվա Օնուգայի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը