16:33 | 19.12.19 | Նորություններ | 15596
Կոտայքի մարզի Սարալանջ համայնքում բնակվող Խաչատրյանների ընտանիքը 20 տարի քայքայված ու ժանգոտված վագոն-տնակում ապրելուց հետո, տեղափոխվել է քարաշեն տուն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ:
Խաչատրյանների ընտանիքը միակը չէ, որին հաջողվել է գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ՝ հաղթահարել տարիների խնդիրը: 2020թ. նոր բնակարանում դիմավորելու հնարավորություն է ստացել Հայաստանի 10 մարզում ապրող 46 ընտանիք:
«Այս բնակարանամուտով ամփոփում ենք ընթացիկ տարվա ծրագիրը: Կատարված աշխատանքի արդյունքը նախ փորձում ենք գնահատել տանտերերի աչքերում, հետո միայն՝ թվերի տեսքով: Երբ տեսնում ենք վաղվա օրվա նկատմամբ արտահայտվող վստահությունը, համոզվում ենք, որ հաջողել ենք ու գնում ենք ճիշտ ուղղությամբ: Ասում են՝ հաջողություն ձեռք բերած մարդն անմիջապես մոռանում է դժվար ապրած օրերի մասին: Գուցե դա այնքան էլ լավ չէ՝ հետագայում չսայթաքելու համար, բայց ուզում եմ, որ այս մարդիկ իրենց հիշողությունից անվերադարձ հանեն վագոն-տնակի տխուր պատկերներն ու ապրեն անհոգ կյանքով: Ուրախ եմ, որ մեր գործընկերության շնորհիվ, շատ ընտանիքներ ձեռք են բերում ոչ միայն տանիք, այլեւ սեփական ուժերին հավատալու հնարավորություն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Կյանքը լի է դժվարություններով: Երբեմն խնդիրներն այնքան են ծանրանում մարդու ուսերին, որ թվում է, այլեւս երբեք թեթեւություն չի գա: Հաճախ միայն մի փոքր օգնություն է հարկավոր մարդուն՝ ինքն իրեն հավատալու, ոտքի կանգնելու եւ առաջ շարժվելու համար: Հենց այդ օգնության ձեռքն էր պակասում Խաչատրյաններին՝ տարիների բեռը թոթափելու համար: Անգնահատելի է ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը այս եւ մյուս ընտանիքներին: Դրա շնորհիվ ընտանիքն ունենում է տուն, հավատով է լցվում իր եւ ապագայի հանդեպ: Ամանորին ընդառաջ թող բոլոր օջախներում հույսը անմար լինի», - ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
2019թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 119,5 մլն ՀՀ դրամի ներդրում եւ աջակցել 46 ընտանիքի:
Ընդհանուր առմամբ, տարիների համագործակցության արդյունքում, կատարվել է մոտ 502 մլն ՀՀ դրամի ներդրում: 2007 թվականից մինչ օրս լուծվել է 208 ընտանիքի տան խնդիր: