14:00 | 13.12.19 | Նորություններ | 8751

«Ռոստելեկոմ»-ի եւ «Բարի Ձմեռ Պապ» ծրագրի շնորհիվ յուրաքանչյուրը կարող է դառնալ Ձմեռ պապ

«Ռոստելեկոմ»-ի եւ «Բարի Ձմեռ Պապ» բարեգործական ծրագրի հետ համատեղ իրականացվող միջոցառումների արդյունքում Վայոց Ձորի սահմանամերձ գյուղերի շուրջ 300 երեխաներ դեկտեմբերի վերջին կստանան Ձմեռ պապին ուղղված նամակում նշած նվերը։

Նվերների հավաքագրման գործընթացին միացել է «Ռոստելեկոմ» ընկերությունը՝ ոչ միայն իր կողմից նվերներ տրամադրելով, այլ նաեւ հավաքագրելով նվերները երեւանյան վաճառքի եւ սպասարկման բոլոր սրահներում եւ փոխանցելով ծրագրի անձնակազմին։

Նախագիծն այս տարի ընդգրկում է Վայոց Ձորի սահմանամերձ չորս՝ Խնձորուտ, Բարձրունի, Սերս եւ Մարտիրոս գյուղերը։ Դպրոցահասակ բոլոր երեխաները գրել են նամակներ, որոնք տեղադրվել են www.santaclaus.am կայքում, եւ յուրաքանչյուրը կարող է դառնալ Ձմեռ պապ՝ բարություն ու ջերմություն փոխանցելով երեխաներին։

«Ամանորյա հրաշքների սպասում են բոլորը, եւ պետք է յուրաքանչյուր հնարավորություն օգտագործենք այն հասանելի դարձնելու համար անգամ ամենահեռավոր ու սահմանամերձ գյուղերի երեխաներին։ Մենք միացել ենք նախաձեռնությանը մեր ռեսուրսներով եւ նվերներով՝ միանգամայն համոզված լինելով, որ երեխաների ժպիտներից թանկ ու մեծ արժեք երբեւէ հնարավոր չէ ստեղծել»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Բարի Ձմեռ Պապ» բարեգործական ծրագիրն ուղղված է խոցելի խմբերի՝ հաշմանդամ, ծնողազուրկ, սահմամերձ գյուղերում բնակվող եւ հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին եւ իրականացվում է Ձմեռ պապին ուղղված նամակների միջոցով, որոնք տեղադրվում են www.santaclaus.am կայքում։ Կայքում տեղադրված նամակներին յուրաքանչյուրը կարող է պատասխանել՝ ուղարկելով նամակում նշված երեխայի նվերը «Բարի Ձմեռ Պապ» ծրագրին եւ դեկտեմբերի վերջին Ձմեռ պապն այն անձամբ կհանձնի նամակագիր երեխային։

«Ծրագիրը ընկերներով հիմնեցինք 2008թ․, երբ ես պարտադիր զինվորական ծառայության մեջ էի, այժմ՝ 11 տարի անց, երջանիկ եմ նշել, որ այն դարձել է հայաստանյան նախատոնական լավագույն ծրագրերից մեկը, որն ուրույն զգացմունքային կամուրջ է դարձել նվիրատուների ու նվիրառու երեխաների միջեւ՝ փոխադարձ բերկրանք ու երջանկության զգացումներ փոխանցելով երկու կողմերին:

Ծրագրի կարգախոսն է՝ «Այսօր չկոտրենք երեխաների սիրտն ու անկատար չթողնենք նրանց նվիրական երազանքները, վաղն այն կարող է թանկ արժենալ հասարակության համար»,- նշել է ծրագրի հիմնադիր, «Համաչափ զարգացում» համայնքային զարգացում ՀԿ նախագահ, Մակար Եղիազարյանը։

Հավելենք, որ Ձմեռ պապ դառնալ հնարավոր է մինչեւ դեկտեմբերի 26-ը «Ռոստելեկոմ»-ի երեւանյան վաճառքի եւ սպասարկման սրահներում թողնելով նվերը կամ նվերները։

«Բարի Ձմեռ Պապ» նախագծի հետ «Ռոստելեկոմ»-ի գործակցությունը մեկնարկել է դեռ 2015թ․ դեկտեմբերին, երբ համագործակցության արդյունքում Տավուշի մարզի Ոսկեպար եւ Բաղանիս սահմանամերձ գյուղերի երեխաների նամակներին ի պատասխան «Ռոստելեկոմ»-ի կողմից ուղարկվեցին պլանշետներ։ 2016թ․ ընկերությունը նույնպես մասնակցել է նվերների հավաքագրման գործընթացին եւ գրքեր նվիրել ծրագրի մասնակից երեխաներին։