15:03 | 20.11.19 | Հարցազրույցներ | exclusive 147879

Ամալյա Եղոյան. Գյումրիի համաժողովը կնպաստի տեխնոլոգիաների ապակենտրոնացմանը

Նոյեմբերի 23-24-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում արդեն երրորդ տարին անընդմեջ կկայանա «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» տեխնոլոգիական համաժողովը:

Համաժողովը կազմակերպում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը՝ ՀՀ կառավարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի եւ Եվրոպական միության ու Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության կողմից համաֆինանսավորվող եւ ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ։

Համաժողովին ընդառաջ զրուցել ենք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տարածաշրջանային զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանի հետ:

- Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ ինչպիսի՞ն են ակնկալիքները «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովից:

- Սպասում ենք 200-ից ավելի մասնակից, ընդ որում, ներգրավված են ՀՀ բոլոր մարզերի երիտասարդները: Այս տարի օրակարգը կտարբերվի նրանով, որ բեմից կլսենք երիտասարդների հաջողության ավելի շատ պատմություններ: Այդ երիտասարդները Հայաստանի 5 մարզերում (Շիրակ, Լոռի, Վայոց Ձոր, Արագածոտն, Տավուշ) ընդգրկված են տեխնոլոգիական կրթության մեր ծրագրերում:

Բացման պաշտոնական մասից բացի, ունենալու ենք շատ հետաքրքիր պանելային քննարկումներ, որոնցում ընդգրկված են լինելու խոշոր ընկերությունների երիտասարդ մասնագետներ: Ուզում եմ շեշտել, որ քննարկումներին նաեւ մեծ թվով կանայք են մասնակցում, որոնք կպատմեն իրենց հաջողության պատմությունները եւ կխոսեն մարտահրավերների մասին:

- Ո՞րն է համաժողովի առաքելությունը եւ ինչո՞վ է այն յուրահատուկ:

- Սա ոչ միայն տեխնոլոգիական միջոցառում է, այլեւ հարթակ, որպեսզի տարբեր մարզերի եւ մայրաքաղաքի երիտասարդները միմյանց հետ ընկերանան, խորհեն իրենց մարզերի ապագայի մասին, ծրագրեր իրականացնեն, համագործակցություն սկսեն: Այդ հաղորդակցությունը տարիներ շարունակ չի եղել, եւ մարզերի միջեւ արհեստականորեն բաժանում է դրվել: Այսօր տեսնում ենք, որ տարբեր մարզերից մեր ուսանողների միջեւ այդ բաժանումը վերացել է, եւ կապը գնալով ամրանում է:

Համաժողովի շրջանակում երիտասարդների միջեւ նման կապերի ստեղծումը կազմակերպիչների համար իսկապես կարեւոր նշանակություն ունի:

- Տեղյակ եմ, որ ՁԻՀ ծրագրերի շրջանակում վերջին երկու տարիներին մարզերում տեխնոլոգիական զարգացմանը միտված մի շարք այլ ծրագրեր էլ են իրականացվել, որոնք ընդգրկում են ոչ միայն Գյումրին եւ Վանաձորը: Խնդրում եմ պատմել այդ ծրագրերի մասին:

- Շնորհակալ ենք բոլոր աջակիցներին այս համաժողովի կազմակերպմանն աջակցելու համար: Այս միջոցառման շնորհիվ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, քաղաքը, մարզը կարողացավ ապակենտրոնացնել իր ներսի տեխնոլոգիական ներուժը եւ հնարավորությունները դեպի այլ մարզեր, իսկ այդ ապակենտրոնացման մասին արդեն հնարավոր է խոսել կոնկրետ արդյունքներով:

Համաժողովն առաջին անգամ անցկացվեց 2017թ., տեսանք, թե որքան դրական եւ ոգեւորված են մարզերի երիտասարդները եւ որքան են սիրում իրենց մարզերը:

Բանակցեցինք Հայ օգնության ֆոնդի բարերարների հետ եւ 2019թ. 3 նոր մարզ մուտք գործեցինք՝ հենց Գյումրիի մոդելով: Դրանք էին Վայոց ձորը, Տավուշը եւ Արագածոտնը:

Յուրաքանչյուր մարզում այսօր ունենք 60-65 ուսանող, որոնք 1 տարի տեւողությամբ ծրագրավորման ամբողջական ծրագրի են մասնակցում:

Զուգահեռ բանակցում ենք ոլորտի ընկերությունների հետ, որպեսզի նրանք իրենց մասնաճյուղերը հիմնեն մարզերում: Եվ արդեն կան հետաքրքրվողներ: Այս տարի ՁԻՀ-ը դրամաշնորհային ծրագրի շրջանակում, որը հատկացվում է Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության աջակցությամբ, հայտարարեց Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մասին, որոնք, եթե Երեւանից մասնակիցների դեպքում 50 տոկոս համաֆինանսավորմամբ են, ապա մարզերից դիմելու դեպքում՝ 25 տոկոս: Սա կխթանի մարզերում ձեռներեցության զարգացմանը:

Մյուս արդյունքն Աշտարակում գիտահետազոտական պարկի կառուցման ծրագիրն է, որի վրա ակտիվորեն աշխատում ենք մարզպետի հետ: Ինչո՞ւ Աշտարակ, քանի որ այնտեղ են գտնվում ՀՀ խոշորագույն երկու գիտահետազոտական ինստիտուտները: Քննարկումներ են ընթանում, որպեսզի 2020թ. մեկնարկենք Աշտարակում պարկի կառուցման աշխատանքները:

Աշտարակում շատ ակտիվ երիտասարդներ ունենք, եւ կրթական ծրագիրն այնտեղ մեկնարկել է արդեն այս ամիս:

Ամալյա Եղոյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը