11:26 | 17.09.19 | Նորություններ | 20821
Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների կենտրոնը՝ Հայ Օգնության Ֆոնդի աջակցությամբ, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերում 2019թ. գարնանը մեկնարկել է տեխնոլոգիական կրթական ծրագրեր:
Ծրագիրը հոկտեմբերին կմեկնարկի նաեւ Արագածոտնի մարզում: Մասնակցության համար հարկավոր է գրանցվելայստեղ:
ԳՏՏԿ տնօրեն, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի՝ մարզերում տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանի խոսքով, ծրագրի արդյունքներն աննախադեպ են:
«Յուրաքանչյուր մարզում ունենք մոտ 70 ուսանող եւ ավելի քան 150 դիմորդ: Ցավոք, մարզերում կրթական հաստատություններում առկա պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի ծրագրին մասնակցեն ավելի մեծ թվով ուսանողներ: Պետք է փաստեմ, որ Վայոց Ձորում Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի մասնաճյուղում եւ Տարածաշրջանային Պետական քոլեջում, Տավուշում՝ ԵՊՀ մասնաճյուղում համակարգչային լսարանները ոչ բավարար հագեցվածություն ունեն եւ ոչ էլ ենթակառուցվածքներ, սակայն մեզ համար կարեւոր է այս ծրագիրն իրականացնել հենց մարզերում առկա ուսումնական հաստատությունների ներսում:
Այս փուլում ցանկանում ենք, որ ծրագրի մասին տեղեկությունները հասնեն հատկապես մարզերի երիտասարդներին եւ նրանց, ովքեր մարզերից եկել են Երեւան սովորելու, բայց աշխատելու հեռանկարի դեպքում դեմ չեն լինի վերադառնալ հայրենի մարզ եւ աջակցել մեզ՝ ծրագրի իրականացման գործընթացում»,- նշել է նա:
Ամալյա Եղոյանի խոսքով, ծրագրի շրջանակում դասավանդում են Երեւանի լավագույն տեխնոլոգիական ընկերությունների աշխատակիցները: Այս ամենին զուգահեռ՝ կազմակերպիչները նպատակ ունեն բանակցել Երեւանի եւ արտերկրի ընկերությունների հետ, որպեսզի վերջիններս դիտարկեն մարզերում ծրագրին մասնակցող հեռանկարային մասնագետներին՝ որպես պոտենցիալ կադրեր, հենց մարզում գործունեություն ծավալելու համար։ Կազմակերպիչների խոսքով, կարեւորվում է նաեւ տեղական ընկերությունների ձեւավորումը, ինչը լուրջ եւ հեռանկարային քայլ է մարզերի հզորացման համար:
Այս տարի Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Համաշխարհային Բանկի աջակցությամբ, հայտարարեց հատուկ պայմաններով Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ՝ միայն մարզերում գործունեություն ծավալող ընկերությունների համար:
ԳՏՏԿ-ը հիմնադրվել է 2005թ. Գյումրիում ՀՕՖ-ի եւ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից՝ մի շարք ամերիկահայ բարերարների աջակցությամբ: