14:34 | 22.10.19 | Նորություններ | 5923

Արմաթն ամփոփում է «IT շաբաթվա» նվաճումները

Հոկտեմբերի 6-9 Երեւան Էքսպո կենտրոնում տեղի ունեցած ԴիջիԹեք 2019 տեխնոլոգիական ցուցահանդեսի օրերին Արմաթ ինժեներական լաբորատորիաների տաղավարը բազմամարդ էր։

Ցուցահանդեսի բացման արարողությանը Արմաթ ինժեներական լաբորատորիաների տաղավարում ստորագրվեց Արմաթ կրթական ծրագիրը Հնդկաստանի Հանրապետություն արտահանելու մասին պայմանագիր։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ «BattleLab India Pvt LTD» ընկերությունը ներկայացնող բժիշկ, գործարար եւ սոցիալական ակտիվիստ Վիջայ Շահը, ստորագրելով վերոնշյալ փաստաթուղթը, շեշտեցին կրթական ոլորտում միջազգային նման համագործակցության կարեւորությունը։ Ստորագրմանը ներկա էր 2019 թ.-ին Ֆորբս ամսագրի «Աշխարհի լավագույն ընկերություններ» («World’s Best Regarded Companies») ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող աշխարհահռչակ «Infosys» ընկերության համահիմնադիր Նարայանա Մուրթին։

Ցուցահանդեսի երկրորդ օրը Դիջիթեք այցելեց ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) նախարարական պատվիրակությունը, որի կազմում էին Բանգլադեշի, Իրաքի, Բրազիլիայի, Բելիզի, Մալազիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լիտվայի, Էստոնիայի և մի շարք այլ պետությունների համապատասխան ոլորտի նախարարները։ Վերջիններս մեծ հետաքրքություն ցուցաբերեցին Արմաթ նախագծի վերաբերյալ։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն այս անգամ նախ հուշագիր ստորագրեց Եթովպիայի ինովացիաների և տեխնոլոգիաների նախարար Սիսեյ Յադեթեի հետ՝ Եթովպիայում 51 Արմաթ ալբորատորիաների ներդրման վերաբերյալ։ Դրան հետեւեց Աֆղանստանի հեռահաղորդակցության և ՏՏ նախարար Մոհամմեդ Հաշիմի հետ ԱՏՁՄ հուշագիրը՝ Աֆղանստանում եւս նմանատիպ նախագիծ ունենալու պատրաստակամության մասին։

Հատկանշական է, որ Եթովպիայի և Աֆղանստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները, ինչպես նաեւ Բանգլադեշում և Մարոկկոյում Արմաթ լաբորատորիաների գործընկերները, ցանկանալով հագեցնել Արմաթի վերաբերյալ իրենց հետաքրքրությունը, հյուրընկալվեցին Ագարակի Արմաթ ինժեներական լաբորատորիայում։ Այնտեղ նրանք ծանոթացան ծրագրի առանձնահատկություններին, գրանցած հաջողություններին և արմաթցիների աշխատանքներին։

Այցելուների թվում էին ԱՄԷ «Mubadala» ներդրումային ընկերության ղեկավար կազմը, «VMware» ընկերության գործադիր տնօրեն Ռաջիվ Ռամասվամին, ով աշխատանքի առաջարկ արեց Ղողանջ ՀԿ-ում գործող Արմաթ ինժեներական լաբորատորիայի սաներից մեկին, տեսնելով վերջինիս մասնակցությամբ իրագործված նախագիծը. արհեստական բանականությամբ աշխատող դրոն, որը կիսաավտոմատ կերպով կարողանում է հետևել յուրաքանչյուր շարժվող և անշարժ օբյեկտի։

Աչքի ընկնող նախագծերից էր նաեւ Չարենցավանի Արմաթ լաբորատորիայի կողմից ստեղծված «Չարենց» խելացի ոռոգման համակարգը։ Այս նախագծի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ վերջինս իրագործվում է «Sadoyan Technologies» ընկերության աջակցությամբ, ինչը, ընկերության գործադիր տնօրեն Արտեմ Սադոյանի հավաստմամբ, կոչված է արտացոլելու լոկալ բիզնեսի ու Արմաթ ցանցի համագործակցությամբ բիզնես նախագծերի իրագործման բացառիկ հնարավորությունը։

ԴիջիԹեքն այս տարի անցկացվում էր WCIT 2019-ին զուգահեռ։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը վերջինիս շրջանակներում ունեցած իր հատուկ ելույթում ներկայացրեց Արմաթ կրթական ծրագրի միջազգային ֆորմատն ու հեռանկարները։

WCIT 2019-ի գալա ընթրիքին Կարեն Վարդանյանը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից ստացավ «Ականավոր մարդկանց մրցանակ» («Eminent Persons Award»), որը կոչված էր արձանագրելու նրա երկարամյա անգնահատելի ավանդը հայկական տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում: Մրցանակը հանձնելիս նշվեցին վերջինիս նախաձեռնությամբ իրականացվող կարեւոր նախագծերը, մասնավորապես Արմաթ ինժեներական լաբորատորիաներն ու ԴիջիԹեքը։

Այս օրերին Արմաթի նկատմամբ միջազգային հետաքրքության բարձրացման ֆոնին Արմաթը հյուրընկալեց Forbes հեղինակավոր ամսագրի լրագրող Վեյդ Շեպարդին։ Շուտով Հայաստանի տեխնոոգիական ներուժի մասին նրա նյութում կկարդանք նաև Արմաթ ինժեներական լաբորատորիաների մասին։

Արմաթ ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը նախաձեռնել եւ իրականացնում է ԱՏՁՄ-ն։ Այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 280-ից ավելի Արմաթ ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 7500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։