10:40 | 21.10.19 | IT պատանիներ | exclusive 205526

IT պատանիներ. Դավիթ Հակոբյան, Լեւոն Ալեքսանյան, Դավիթ Լազյան

Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց: Այսօր աշակերտները դպրոց են հաճախում սմարթֆոնով, իսկ դասերը պատրաստում՝ պլանշետով:

Հայաստանում շատ են պատանիները, որոնք սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում ինչ-որ բան ստեղծել՝ խաղ, հավելված կամ ծրագիր:

Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:

***
Mind Center-ի սաներ Դավիթ Հակոբյանը, Լեւոն Ալեքսանյանը, Դավիթ Լազյանը հունիսին կայացած Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայի Ազգային փուլում, որի կազմակերպիչը «Այբ կրթական հիմնադրամն է, հայկական թիմերի մեջ լավագույն արդյունքն էին գրանցել իրենց ռոբոտով:

Օգոստոսին Minders թիմը Դանիայում կայացած Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայի ընկերական մրցաշարում զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը՝ 42 թիմերի մեջ: Նոյեմբերին էլ թիմը կներկայացնի Հայաստանը Հունգարիայում կայանալիք Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայի եզրափակիչ փուլում:

Լեւոն Ալեքսանյան, 9 տ., Երեւան

Մեկ ու կես տարի է, ինչ տեխնոլոգիաներով եմ հետաքրքրվում: Ամեն ինչ սկսվեց, երբ մայրիկս ռոբոտ պատրաստելու սեթ նվիրեց ինձ:

Երբ մեծանամ կցանկանամ ռոբոտ շախմատ սարքել, որը կլսի ինձ եւ կշարժվի իմ հրահանգներով:

photo © Մեդիամաքս


Մեր թիմն ակտիվորեն պատրաստվում է նոյեմբերին կայանալիք Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայի եզրափակիչ փուլին։ Մարտական ենք տրամադրված:

Դավիթ Լազյան, 11 տ., Երեւան

Տեխնոլոգիաներով հետաքրքրվում եմ 6 տարեկանից: Մայրիկս ինձ տարավ ամառային դպրոց, որտեղ ծրագրավորում էին սովորում: Երբ ամառն ավարտվեց, սկսեցի ռոբոտաշինություն սովորել, ապա հաճախեցի այս կենտրոն:

Դանիայում օրերը շատ արագ անցան, նույնիսկ չնկատեցինք: Կարծում եմ, բավական լավ արդյունք գրանցեցինք:

Հունգարիային ընդառաջ զարգացրել ենք մեր ռոբոտին: Կատարելագործում ենք նաեւ ռոբոտի համար մշակված ծրագիրը:

Երբ մեծանամ, ցանկանում եմ ինժեներ դառնալ: Համակարգչով ընդհանրապես չեմ խաղում, բակ իջնում եմ, բայց ոչ երկար ժամանակով: Ազատ ժամանակ գնում եմ լողի եւ անգլերենի պարապմունքների:

Դավիթ Հակոբյան, 12 տ., Երեւան

Մայրիկս աշխատում էր մի տեխնոլոգիական ընկերությունում եւ բացատրեց ինձ, թե ինչ է ինժեներությունը: Youtube-ով ինչ որ նյութեր նայեցի ու հետաքրքրեց: Սկսեցի խմբակների հաճախել: Այդ ժամանակ 5 տարեկան էի:

Ապագայում ինձ տեսնում եմ ռոբոտաշինության մեջ, բայց կցանկանայի զբաղվել նաեւ ինժեներությամբ: Կցանկանամ աշխատել National Instruments ընկերության հայաստանյան մասնաճյուղում:

Ես չեմ սիրում բակում խաղալ, ոչ էլ համակարգչի մոտ նստել: Դրա փոխարեն EV 3 լեգո սեթով կոնստրուկցիաներ եմ հավաքում:

Նոյեմբերին կայանալիք եզրափակչին պատրաստվում ենք լավ անգլերեն սովորելով եւ ռոբոտը կատարելագործելով:

«Այբ» կրթական հիմնադրամը հանդիսանում է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ընկերակցության միակ պաշտոնական ներկայացուցիչը եւ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի`ՌՀՕ (WRO) ազգային փուլի միակ կազմակերպիչը Հայաստանում: ՌՀՕ-ի շրջանակներում հայաստանյան թիմերի ցանկացած ընկերական եւ միջազգային մրցաշարի մասնակցություն իրականացվում է «Այբ» հիմնադրամի երաշխավորմամբ եւ համաձայնությամբ:

Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի