10:32 | 15.10.19 | Նորություններ | 9510

Վաղը կմեկնարկի Անօդաչու թռչող սարքերի Digital UAV միջազգային ֆորումը

Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող «Արհեստական բանականության եւ անօդաչու թռչող սարքերի Digital UAV Forum 2019 միջազգային ֆորումը կկայանա հոկտեմբերի 16-20-ը` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի եւ «Այբ» դպրոցի հիմքի վրա:

Ֆորումի կազմակերպիչներն են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)» հիմնադրամը, «Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը (ՄԱԻ)», «Այբ» դպրոցը, «Լոկատոր» փակ բաժնետիրական ընկերությունը եւ «ՀՀ Տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը (ՏՀՏԳՄ)»:

Ֆորումի գլխավոր գործընկերներն են Ավրորա Ֆորումը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Գործընկերներն են՝ Սամարայի համալսարանը եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համակարգային ծրագրավորման ինստիտուտը:

Ֆորումն իրականացվում է գիտակրթական եւ գիտահետազոտական կազմակերպությունների կադրային պոտենցիալի զարգացման եւ ամրապնդման, ինչպես նաեւ տաղանդավոր երիտասարդներին գիտության, տեխնոլոգիաների եւ կրթության ոլորտներում ներգրավելու եւ համախմբելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով:

Հոկտեմբերի 16-ից 20-ը ժամանակահատվածում կկայանան հետեւյալ երեք միջոցառումները՝

Գիտական կոնֆերանս, որտեղ կներկայացվեն եւ կքննարկվեն արդի գիտատեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումները արհեստական բանականության եւ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտում:

Հեքըթոն - Արհեստական բանականության եւ անօդաչու սարքերի ոլորտում առկա գործնական խնդիրների լուծման համար: Հեքըթոնի արդյունքում ժյուրիի կողմից լավագույնը ճանաչված երեք թիմերը կարժանանան ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից սահմանված դրամական մրցանակների:

Դպրոցական կրթական հարթակ - դպրոցականների կողմից ստեղծված գիտական եւ տեխնիկական նախագծերի ցուցահանդես, դրոնների հավաքման վարպետաց դասեր եւ ցուցադրական թռիչքներ: