17:20 | 14.10.19 | Նորություններ | 2380

Հակոբ Արշակյանը ԱՄէ-ում մասնակցում է «Արհեստական բանականությունը սպորտում» համաժողովին

Դուբայի թագաժառանգ եւ Դուբայի սպորտային խորհրդի (DSC) նախագահ Ն.Գ. Շեյխ Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մակտումի հրավերով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 14-15-ը Արաբական Միացյալ էմիրություններում (ԱՄԷ) մասնակցում է «Արհեստական բանականությունը սպորտում» (DAIS) համաժողովին:

Միջոցառման նպատակն է մարզական արդյունաբերության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) լուծումներ ներդնել:

DAIS-ը համաշխարհային միջոցառում է, որը կառավարությունների եւ սպորտային արդյունաբերության ղեկավարներին համախմբում է արհեստական բանականության տեխնոլոգիաների շուրջ։

Համաշխարհային նշանակություն ունեցող այս միջոցառմանը մասնակցում են տարբեր երկրների հարյուրավոր բարձրաստիճան պաշտոնյաներ, ընկերությունների ու ասոցիացիաների ղեկավարներ, գործարարներ, մարզական ֆեդերացիաների եւ ասոցիացիաների ղեկավարներ, արհեստական բանականության տեխնոլոգիաների ոլորտի խոշոր ներդրողներ, սպորտային արդյունաբերության ներկայացուցիչներ:

Հակոբ Արշակյանը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա մասնակից երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների, կազմակերպությունների ղեկավարների եւ հնարավոր ներդրողների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում իրականացվող եւ մշակվող նախագծերով ու ծրագրերով: Նախատեսված է նաեւ հանդիպում ԱՄԷ-ի արհեստական բանականության նախարար Օմար ալ Օլամայի հետ:

Համաժողովի շրջանակներում կբացվի նաեւ թեմատիկ ցուցահանդես։