13:02 | 11.10.19 | Նորություններ | 2506

Նախարարը խոսել է «Հայկական վիրտուալ կամուրջ» նախագծի մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Հայկական առեւտրային ցանցի՝ «Հայաստան-Սփյուռք կայուն տնտեսական գործընկերության ուրվագծում» գործարար 4-րդ համաժողովի ընթացքում հանդես է եկել «Նոր Հայաստան, նոր հնարավորություններ» թեմայով զեկույցով:

Հակոբ Արշակյան խոսել է «Հայկական վիրտուալ կամուրջ» նախագծի մասին, որի օգնությամբ հնարավոր կլինի Հայաստանը մոտեցնել տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու նպատակին:

Նրա խոսքով, դրա համար իրականացվող քայլերից մեկը որակյալ կադրեր ունենալու անհրաժեշտությունն է։ Կադրերի ուսուցման եւ վերապատրաստման համար եւս կան ծրագրեր։ Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել հայկական մի շարք տեխնոլոգիական ընկերությունների հետ, որոնք ունեն իրենց ուսուցման ծրագրերը, որպեսզի լավագույն այդ ծրագրերը ներդրվեն տեխնոլոգիական բուհերում, համալսարանական տարածքներում, ինչը թույլ կտա բարձրացնելու կրթական մակարդակի որակը։


Նախարարը խոսել է նաեւ «Ներուժ» ծրագրի մասին, որն իր էությամբ ու նպատակներով եւս կարեւոր ազդեցություն կունենա ոլորտի զարգացման վրա։ Հակոբ Արշակյանը նշել է, որ Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ ունեցած քննարկումների արդյունքում այդ ծրագիրն ինտեգրվել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրում։ Սա նշանակում է, որ իրական արժեքը վիրտուալ կամուրջն է, որը կապում է Հայաստանում գործունեություն ծավալող ձեռներեցներին եւ նորարարներին Սփյուռքի հետ։ Իսկ Սփյուռքի նորարարներին, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, ունեն գաղափարներ եւ նպատակներ այստեղ իրականացնելու համար, հնարավորություն է ընձեռվում Հայաստանում սկսել իրենց ստարտափը։

Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաեւ «Ինժեներական քաղաքի» դերին ու նշանակությանը։ Նա նշել է, որ այն հիմնականում ինժեներական ընկերությունների համար է: Այստեղ կենտրոնացված կլինեն այդ ռեսուրսները՝ համապատասխան լաբորատորիաներով, փոքր արտադրական հզորություններով, որն անհրաժեշտ կլինի, որպեսզի ճշգրիտ ինժեներական եւ բարձր տեխնոլոգիական ընկերությունները կարողանան իրականացնել իրենց գաղափարները։