16:13 | 24.09.19 | Նորություններ | 10489

«Ռոստելեկոմ»-ը մրցանակներ հանձնեց Startup Boost Weekend-ի հաղթողներին

Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում սեպտեմբերի 20-22-ն անցկացվեց Startup Boost Weekend Vol_6 միջոցառումը, որը միավորել էր շուրջ 120 ուսանողների։

Միջոցառման բացմանը մասնակցում էին ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ներկայացուցիչ Նունե Քոչինյանը, Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը։

photo © Ռոստելեկոմ

Երեք օրերի արդյունքում ձեւավորվեցին 8 թիմեր, որոնք երրորդ օրվա ավարտին ներկայացրին իրենց գաղափարները ժյուրիին։ Հաղթող թիմերն էին՝

1-ին մրցանակակիրը reTrend.me (ռիտրենդ մի) հարթակն էր, որը խթանում է հագուստի վերամշակման գործընթացը։ Նպատակն է ստեղծել վերամշակված հագուստի բրենդ՝ արտադրված Հայաստանում։


2-րդ մրցանակակիրը DearWine (դիըր վայն) օնլայն հարթակն էր, որը կապում է գինու սիրահարներին տեղի արտադրողների հետ՝ հնարավորություն ընձեռելով գնելու գինի անմիջապես արտադրողից։

3-րդ մրցանակակիր Yndunvel.am (ընդունվել եմ) հարթակը նախատեսված է ուսանողների եւ կրկնուսույցների միջեւ կապի ստեղծման համար։ Ունենալով լավ կրկնուսույցների կենտրոնացված բազա՝ հարթակը դիմորդներին հնարավորություն է ընձեռում հեշտությամբ գտնելու իրենց հարմար կրկնուսույց։

«Ռոստելեկոմ» Հայաստանի կողմից մրցանակներ ստացան 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը՝ համապատասխանաբար՝ 500, 350 եւ 200 եվրոյին համարժեք գումարի չափով։ Բացի այդ մի շարք ստարտափների տրամադրվեց ՏՀՏ ոլորտին եւ իրենց իսկ զարգացմանը նպաստող գրականություն։

«Ստարտափ էկոհամակարգի զարգացման հիմքը երիտասարդության, մասնավորապես ուսանողների շրջանում ստեղծագործ ու նորարար մտածողության ձեւավորումն է, ստարտափի՝ գաղափարից իրագործում փուլերի գիտակցումն ու կիրառումը։ Այս եռօրյա միջոցառումը եւս մեկ հնարավորություն է ընձեռում ուսանողներին շփվելու միմյանց հետ, թիմեր ձեւավորելու, համախմբվելու մեկ գաղափարի շուրջ, եւ ինչը շատ կարեւոր է՝ լսելու եւ կապեր հաստատելու փորձառու մենթորների հետ։ Որպես արդյունք նրանք նաեւ սովորում են իրենց գաղափարը շահեկան ու գրավիչ ներկայացնել։

Տեխնոլոգիաները առաջ են շարժվում եւ այսօր այստեղ, միավորելով ուսանողների թվով 7 համալսարաններից, «Ռոստելեկոմ»-ն իր ներդրումն է ունենում ապագա ստարտափերի ձեւավորման եւ զարգացման գործում։ Մենք ունենք բավական առաջադեմ երիտասարդություն, որի աջակցությանն ուղղված լավագույն նախագծերից է Ստարտափ բուսթ վիքենդը (Startup Boost Weekend)։ Արդեն երրորդ անգամ «Ռոստելեկոմ»-ն աջակցում է ուսանողների համար նախատեսված այս նախագծին՝ համոզվելով, որ հաղթող թիմերը հետագայում մեծ հաջողություններ են գրանցում»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

photo © Ռոստելեկոմ


«Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը օժանդակում է Startup Boost Weekends միջոցառմանը դրա մեկնարկից ի վեր, արդեն վեցերորդ անգամ, քանի որ ստարտափերի եւ նորարարական գաղափարների զարգացումը ծրագրի նպատակներից մեկն է: Կարծում ենք, որ այս միջոցառումը երիտասարդ ուսանողների համար հրաշալի մեկնարկային հարթակ է՝ ստարտափերի հետաքրքիր էկոհամակարգ մուտք գործելու եւ զարգանալու համար»,- նշել է ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հաղորդակցության գծով պատասխանատու Նունե Քոչինյանը։   

Միջոցառումը Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների եւ ձեռներեցության զարգացման հիմնադրամը՝ Ռոստելեկոմ Հայաստանի, Երեւանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի, «Բրիջ» ստարտափի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ինովացիոն ինկուբատորի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ: