13:58 | 24.09.19 | Նորություններ | 2378

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի համար «Սինոփսիս»-ն արժեքավոր գործընկեր է

Սիլիկոնյան հովիտում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ, մասնավորապես, կիսահաղորդիչ չիպերի դիզայնի ոլորտում առաջատար «Սինոփսիս» ընկերության կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ընկերության նախագահ Չի Ֆուն Չանը։

«Սինոփսիս» ընկերությունը մասնաճյուղ ունի Հայաստանում՝ «Սինոփսիս Արմենիա»-ն, որն ունի շուրջ 700 աշխատակից եւ գործում է 2004 թվականից:

photo © ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Չի Ֆուն Չանը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը «Սինոփսիս» ընկերություն՝ նշելով, որ իրենք կարեւորում են Հայաստանի հետ համագործակցությունը եւ դրա շարունակական զարգացումը։ Նա ներկայացրել է ընկերության գործունեության ուղղությունները, ծրագրերը, նշել, որ «Սինոփսիս»-ն ունի 120 գրասենյակ աշխարհի տարբեր երկրներում եւ աշխատակիցների ընդհանուր թիվը շուրջ 13000 է։ Նրա խոսքով՝ «Սինոփսիս»-ը շարունակաբար ավելացնում է իր գործունեության ծավալները եւ այդ շրջանակում մտադիր է նաեւ Հայաստանում ընդլայնել գործունեության շրջանակը։

«Սինոփսիս-Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը նշել է, որ «Սինոփսիս-Արմենիա»-ն թե՛ ծրագրային, թե՛ կադրային առումով «Սինոփսիս»-ի կայուն զարգացող եւ արդյունավետ մասնաճյուղերից է եւ նախատեսում է տարեկան 100-ով ավելացնել աշխատակիցների թիվը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի համար «Սինոփսիս»-ն արժեքավոր գործընկեր է։

«Հայաստանի կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը հռչակել է առաջնահերթություն, եւ մենք կարեւորում ենք «Սինոփսիս» ընկերության հետ համագործակցությունը։ Մենք հետաքրքրված ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների ներգրավմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ, մասնագետների պատրաստմամբ եւ պատրաստ ենք կառավարության գործիքակազմով խթանել այդ գործընթացը», - նկատել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաեւ դրվատանքով է խոսել Սինոփսիս-Արմենիայի եւ Երեւանի Պոլիտեխնիկական համալսարանի տարիներ ի վեր գոյություն ունեցող համագործակցության մասին՝ նկատելով, որ այն ՏՏ ոլորտի խոշոր ընկերության կողմից կրթության եւ գիտության զարգացման ուղղությամբ արվող ներդրումների լավ օրինակ է։

Կարեւորելով ոսումնական հաստատությունների եւ գործատուների նման գործակցությունը, Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության ծրագրերն ու նախաձեռնությունները տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որոնք միտված են տեխնոլոգիական ստարտափերի եւ ներդրումների համար առավել նպաստավոր էկոհամակարգի ձեւավորմանը։

«Սինոփսիս» ընկերության նախագահ Չի Ֆուն Չանը նշել է, որ այս տարի «Սինոփսիս-Արմենիա»-ն նշում է հիմնադրման 15-ամյակը եւ հրավիրել վարչապետ Փաշինյանին՝ մասնակցելու այդ առիթով նոյեմբերին կայանալիք հանդիսավոր միջոցառմանը։

Հաջորդիվ ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Սիլիկոնյան հովտում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների հայազգի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին եւ՛ ակադեմիական, եւ՛ արդյունաբերական ուղղությունների պատասխանատուներ։

photo © ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն լավ հնարավորություն է փոխգործակցելու հնարավորությունները համատեղ քննարկելու համար։

Վարչապետն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտը կառավարության գերակայություններից է, նպատակը՝ Հայաստանն ինտելեկտուալ երկրի վերածելն է։ Այդ ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք կոնկրետ քայլեր՝ Հարկային օրենսգրքի բարեփոխումներ, որոնք տարածվում են նաեւ ՏՏ ոլորտի ձեռնարկությունների վրա, տեխնոլոգիական ոլորտի ստարտափերի համար բարելավվում է օրենսդրությունը, բացի այդ, Հայաստանի ներկայիս տնտեսական աճի դինամիկան եւ ընթացիկ տնտեսական ցուցանիշները եւս լավ նախադրյալներ են՝ ՏՏ արդյունաբերության զարգացման համար։

Բարձր տեխնոլոգիական ընկերությունների հայազգի ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի վարչապետի այցը Սիլիկոնյան հովիտ եւ նշել, որ հետաքրքրված են Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ իրականացնելու եւ գործունեություն ծավալելու հնարավորություններով: