16:17 | 20.09.19 | Նորություններ | 6181

Աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը ելույթ կունենա WCIT 2019-ում

Ականավոր գիտնական, Կանարյան կղզիների Ասղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս եւ Տեներիֆե կղզու Լա Լագունա համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը կմասնակցի WCIT 2019-ին:

Գարիկ Իսրայելյանը ներգրավված կլինի որպես «Ականավոր խոսնակների շարքի» մասնակից։ Այն ելույթների ու զրույցների շարք է ՏՀՏ ոլորտի, ոլորտից դուրս ականավոր դեմքերի, հեղինակավոր ընկերությունների հիմնադիրների հետ, որոնց տեսլականը, երեւակայությունն ու հաստատակամությունը հնարավոր են դարձրել տեղեկատվության հեղափոխությունը։ Գարիկ Իսրայելյանի ելույթի թեման է՝ «Աստղաֆիզիկան 21-րդ դարի շեմին. արհեստական բանականություն, տվյալների հավաքագրում եւ այլմոլորակային կյանք»:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ դոկտոր Իսրայելյանը մասնակցելու է «WCIT 2019»-ին: Նա միջազգային փառքի արժանացած հայ գիտական մտքի դարավոր ավանդույթների շարունակողներից է»,- նշել է «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Իսրայելյանը տարիներ ի վեր եղել է աստղաֆիզիկայի համաժողովների առանցքը, հրատարակել է ավելի քան 500 գիտական հոդված: Նրա ղեկավարած միջազգային հետազոտություններով ներկայացվել են առաջին ապացույցներն առ այն, որ սեւ խոռոչներն առաջանում են գերնոր աստղերի պայթյունից: Նա նաեւ արվեստի եւ գիտության «STARMUS» միջազգային փառատոնի հիմնադիր ղեկավարն է:

Աստղաֆիզիկայի ոլորտում ներդրման համար Իսրայելյանը Կանարյան կղզիների կառավարության կողմից 2014թ. պարգեւատրվել է ոսկե մեդալով, որը Կանարյան կղզիների բարձրագույն պարգեւն է:

Այս տարի WCIT ՏՏ համաշխարհային համաժողովն անցկացվում է «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք եւ վտանգ» խորագրի ներքո։ Երեւանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։