11:17 | 16.09.19 | Նորություններ | 1768

Ալեքսիս Օհանյանը ելույթ կունենա իր բեսթսելերի հայերեն թարգմանության շնորհանդեսին

Գործարար, ակտիվիստ, Reddit կայքի եւ Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» բեսթսելերն առաջին անգամ հայերեն է թարգմանվել:

Գրքում հեղինակը ներկայացնում է իր հաջողության ուղին՝ մանկությունից մինչեւ Reddit-ի հիմնադրումն ու դրան հաջորդող իրադարձությունները, մոտիվացնում է ընթերցողին չսպասել որեւէ մեկի թույլտվությանը եւ անցնել գործի:

Նախաձեռնության հեղինակը «Կարապ» ընկերությունն է: «Առանց թույլտվության» բեսթսելերի շնորհանդեսը տեղի է ունենալու հոկտեմբերի 8-ին, ժամը՝ 18:00, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի մեծ դահլիճում: Գիրքն անգլերենից թարգմանել է Աննա Միրզոյանը:

«Սա իսկապես մեծ իրադարձություն է Հայաստանի գործարար ոլորտում՝ թե՛ ստարտափների, թե՛ կայացած բիզնեսների համար եւ թե՛ բոլոր նպատակասլաց մարդկանց համար: Ալեքսիս Օհանյանի այս գիրքը հաջողության հասնելու իսկական ուղեցույց է: Գրքի շնորհիվ բազմաթիվ մարդիկ կծանոթանան նրա գաղափարներին այն մասին, թե ինչպես է 21-րդ դարը կերտվելու, այլ ոչ թե կառավարվելու»,-նշում է «Կարապ» ընկերության հիմնադիր, «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

Գրքի լույսընծայումը համընկնում է Օհանյանի՝ Հայաստան այցի հետ: Վերջինս հանդես կգա 20 րոպեանոց ոգեշնչող ելույթով:

Ալեքսիս Օհանյանը ՏՏ ոլորտի ամենակարկառուն ներկայացուցիչներից է: Նրա ապուպապն ու ապուտատը Խարբերդից եւ Բիթլիսից էին: Ցեղասպանությունից փախչելով՝ նրանք մեկնել էին ԱՄՆ, որտեղ եւ հաստատվել էին: Համատեղ կյանքի տարիների ընթացքում նրանք 4 երեխա ունեցան՝ Վերան, Ջոնը, որը Ալեքսիսի պապն էր, Էլզան ու Մերին:

Օհանյանին անվանում են «Արեւելքի դեսպան»՝ Y Combinator աքսելերատորի համար: Նա նաեւ ծանոթ է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ, եւ Ամերիկայում Ալեքսիսին անվանում են «Հայ Ցուկերբերգ»:

Մի քանի տարի առաջ Օհանյանը Հայաստանում իր մի քանի համախոհների հետ կազմակերպեց առաջին TEDx Yerevan սեմինարը, որի շրջանակում հայտնի մարդիկ գաղափարներ էին կիսում այն մասին, թե ինչպես աշխարհն ավելի լավը դարձնել:

Համաշխարհային խոշորագույն 100 ինտերնետ կայքերի ցուցակում հայտնված Reddit-ից բացի, Օհանյանը նաեւ մի քանի ուրիշ հաջողված նախագծեր ունի: 2010 թվականին նա մասնակցել է ճանապարհորդությունների մասին պատմող Hipmunk կայքի գործարկմանը: Բացի այդ, դարձել է Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիրը: