10:58 | 16.09.19 | Նորություններ | 1805

Եվրոպացի բիզնես հրեշտակները Երեւանում կոնֆերանսի կմասնակցեն

Սեպտեմբերի 17-ին Երեւանում կկայանա Business Angel Network of Armenia-ի կազմակերպած ամենամյա ներդրումային կոնֆերանսը:

Խոսնակներն Business Angels Europe/BAE/ նախագահ, МЕТА վենչուրային ընկերության գործադիր տնօրեն, իտալական հրեշտակ ներդրողների ցանցի հիմնադիր Լուիջի Ամատին եւ Եվրոպայի բիզնես ներդրող հրեշտակների ցանցի /EBAN/ պատվավոր նախագահ Բրիջիթ Բոումենը։

Կոնֆերանսին ներկա կլինեն շուրջ 90 գործարար-ներդրողներ Հայաստանից եւ արտերկրից, ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ, ՏՏ բիզնես ղեկավարներ եւ այլք: Մուտքը միայն անվանական հրավերով է, որը կարելի է ստանալ կազմակերպիչների հետ կապ հաստատելով:

Իտալացի գործարար, հրեշտակ ներդրող Լուիջի Ամատիի ղեկավարած վենչուրային ընկերությունը շուրջ 40 միլիոն եվրո ներդրել է տարբեր երկրների ստարտափ թիմերում։ Լուիջի Ամատին Երեւանում կհանդիպի հայ ներդրողների հետ, նաեւ հետաքրքրված է հայկական ստարտափ թիմերում ներդրումներ անելու հեռանկարով։

Բրիջիթ Բոումենը 2015-ին ճանաչվել է եվրոպացի լավագույն ներդրող։ Նա Եվրոպայի վենչուրային եւ ստարտափ էկոհամակարգի ամենաազդեցիկ 50 կանանցից մեկն է, հիմնադրել է Go Beyond Early Stage Investing ներդրումային ընկերությունը, որը գործում է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում եւ Շվեյցարիայում։

ՏՏ ոլորտում ներդրումային հնարավորություններին ուղղած համաժողովն իրականացվում է Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի եւ եվրոպական ESIL ծրագրի աջակցությամբ։