17:18 | 13.09.19 | Նորություններ | 10362

WCIT 2019. GIPHY-ի հիմնադիր Ալեքս Չունգը կժամանի Երեւան

GIPHY-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքս Չունգը կմասնակցի հոկտեմբերի 6-9-ին Երեւանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես պանելիստ։

Սոցմեդիայում լայն կիրառություն ունեցող գիֆերի ստեղծողը, որպես պանելիստ, «Գաղափարների շուկա» լիագումար քննարկմանը կմիանա Քիմ Քարդաշյան-Վեսթին։

«Ջիֆին» այն ինտերնետային ընկերություններից է, որը նկատելիորեն փոխել է սոցիալական մեդիայում արտահայտվելու մեր ոճը։ Ալեքս Չունգի մասնակցությամբ «Գաղափարների շուկա» պանելային քննարկումների նկատմամբ հետաքրքրությունն էականորեն կմեծանա»,- նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Ալեքս Չունգը տեխնոլոգիաների ոլորտում հարուստ անցյալ ունի: Ավելի քան 500 միլիոն մարդ օրական 7 միլիարդ GIF-եր են ուղարկում միմյանց, որոնց դիտումներն օրական 11 ժամի են հասնում։ GIPHY-ն հարթակ է, որտեղ հազարավոր արտիստներ, ապրանքանիշեր եւ գործընկերներ օրվա տպավորություններն ավելի պատկերավոր են դարձնում։ GIPHY-ում օգտատերերը ոչ միայն կարող են փնտրել իրենց նախընտրելի GIF-երն ու sticker-ները, այլ նաեւ հրապարակել, ինտեգրել զանազան նյութերին, միմյանց հետ «կիսվել» եւ ավելին։

GIPHY-ն հիմնադրելուց առաջ Ալեքս Չունգն աշխատել էIntel-ում եւ MTV-ում, իսկ 20 տարվա ընթացքում՝ տասնյակ ստարտափներում։

«Business Insider»-ն Ալեքս Չունգին դասել է Նյու Յորքի 25 ամենաազդեցիկ տեխնոլոգների շարքին, «Fast Company»-ն՝ բիզնեսում ամենաստեղծարար մարդ է կոչել։ Ալեքս Չունգը փիլիսոփայության, ճարտարագիտության եւ գրաֆիկ-դիզայնի գիտական աստիճան ունի։

WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Այս տարի WCIT ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք եւ վտանգ»։

Երեւանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ WCIT 2019-իբանախոսների ցանկն ու օրակարգը հասանելի են պաշտոնական կայքում՝ www.wcit2019.org: