14:35 | 02.08.19 | Նորություններ | 13495

Ucom-ի բաժանորդները կվայելեն Արցախում ռոմինգի նվազեցված սակագները

Ucom ընկերության շարժական կապի բաժանորդներն Արցախում կօգտվեն մշտապես կապի մեջ մնալու հնարավորությունից ռոմինգի նվազեցված սակագներով։

2019թ․ օգոստոսի 1-ից Արցախում ճամփորդելիս Ucom ընկերության բաժանորդները կվայելեն ռոմինգի հետեւյալ նվազեցված սակագները․ դեպի Հայաստան եւ տեղական զանգերի համար կգործի 38 ՀՀ դրամ/րոպե սակագինը, մուտքային զանգերի համար՝ 25 ՀՀ դրամ/րոպե եւ կարճ հաղորդագրությունների սակագինը կկազմի 40 ՀՀ դրամ/SMS։ 

«Մինչ այդ գործող սակագների փոփոխությունը հնարավոր դարձավ Արցախում ռոմինգի սակագների վերանայման եւ արդյունքում՝ նվազեցման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի մասնակիցների միջեւ քննարկումների արդյունքում։ Այդ աշխատանքային խումբը ձեւավորվել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով, ՀՀ ՀԾԿՀ-ի նախաձեռնությամբ, իսկ մասնակիցների թվում ընդգրկված էին Արցախի էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարության, Արցախի հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի եւ Հայաստանում գործող բոլոր օպերատորների ներկայացուցիչները», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ Ucom ընկերությունը մեծագույն պատրաստակամությամբ է մասնակցել քննարկմանը եւ համաձայնել է գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը, որոնք ուղղված կլինեն ռոմինգի սակագների հետագա նվազեցման նպատակով՝ համապատասխան իրավական կարգավորումներում փոփոխություններ կատարելուն։ Ucom ընկերությունը նաեւ պատրաստ է աջակցել սակագնային կարգավորման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները սահմանելու գործընթացին։