12:35 | 02.08.19 | Նորություններ | 2958
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 1-ին տեսակապի միջոցով միացել է «Սեւան ստարտափ սամմիթ-2019»-ի մասնակիցներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել սամմիթի ընթացքով եւ պատասխանել հարցերին։
«Սա հրաշալի նախաձեռնություն է, եւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր սկսել են այն: Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը մեծ հաջողություն կունենա: Այն շատ կարեւոր է հատկապես Հայաստանի համար, որովհետեւ Հայաստանը, այնպես, ինչպես ես եմ տեսնում ապագայում, պետք է ուժեղ ներկայություն ունենա բարձր եւ նոր տեխնոլոգիաների ոլորտում եւ լինի ստարտափի երկիր: Միգուցե, մի օր մենք հնարավորություն կունենանք հռչակել Հայաստանը աշխարհի ստարտափի մայրաքաղաք: Ստարտափն այն ինստիտուտներից մեկն է, որը միավորում է այս երիտասարդներին, ինչը հիանալի է, եւ սա ամենակարեւորն է»,- ասել է նախագահը:
Խոսելով ստարտափների հետագա զարգացման հեռանկարների ու պայմանների մասին՝ Հանրապետության նախագահն առաջին հերթին կարեւոր է համարել որակյալ կրթությունը։
«Հայաստանն առաջատար երկրների շարքում դասելու համար անհրաժեշտ են մի քանի պայմաններ, եւ դրանցից մեկը կրթության բարձր որակն է։ Բարձր որակի կրթություն բոլորի համար՝ սկսած Երեւանի կենտրոնից մինչեւ սահմանամերձ գյուղեր: Յուրաքանչյուր ուսուցչի հիմնական առաքելությունն է գտնել տաղանդավորներին, եւ ստարտափը կօգնի մեզ գտնել տաղանդներ»,- նշել է նախագահը:
Հաջորդ կարեւոր գործոնը Արմեն Սարգսյանը համարել է միջազգային առաջատար ընկերությունների ներկայությունը Հայաստանում, որոնք միջավայր կստեղծեն ստարտափների զարգացման համար։
«Մենք չենք կարող միայն ստարտափ կամ լավ գաղափարներ ստեղծել, եթե չունենանք գիտության եւ նոր տեխնոլոգիաների ենթակառուցվածքներ։ Այդ իսկ պատճառով աշխատում ենք մի շարք խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք են IBM-ը, Google-ը, Leonardо-ն՝ ապահովելու նրանց ներկայությունը Հայաստանում: Եթե միջազգային խոշոր ընկերությունները ներկա լինեն Հայաստանում, նրանք զարգացման հատուկ որակ կթելադրեն»:
Մյուս կարեւոր գործոնը նախագահը համարել է փոխկապվածությունն աշխարհի հետ։
«Մենք բնական եղանակով կապված ենք աշխարհի հետ, քանի որ հայերն ապրում են ամենուր։ Շատ տաղանդավոր հայեր աշխատում են Կալիֆոռնիայում, Սիլիկոնյան հովտում: Այնպես որ, կարեւոր է ստեղծել հանգույց բոլորի միջեւ եւ ոչ միայն՝ հայերի: 21-րդ դարը լինելու է այն երիտասարդներինը, որոնք ունեն հավակնություն եւ խիզախություն՝ մարտահրավեր նետելու եւ ներկայացնելու իրենց նոր գաղափարները»,- ասել է նա:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պետք է բարենպաստ վայր լինի երիտասարդ տաղանդների համար․ «Երիտասարդ տաղանդները միշտ փնտրում են համապատասխան միջավայր, եւ այդ միջավայրը 21-րդ դարի տեխնոլոգիական տարածքն է: Այնպես որ, Հայաստանը պետք է ունենա նման տարածք»։
Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում եւս աջակցել «Սեւան ստարտափ սամմիթին»-ին։
«Սեւան ստարտափ սամմիթ 2019»-ին մասնակցում է 120 ստարտափ թիմ Հայաստանից եւ 45 տարբեր երկրներից, ինչպես նաեւ ավելի քան 1000 ձեռներեց ողջ աշխարհից։ Սամմիթի նպատակը նորարարական գաղափարների խրախուսումն է, ինչպես նաեւ բիզնես աշխարհի ներկայացուցիչների միջեւ կապերի հաստատումը։
«Սեւան ստարտափ սամմիթ»-ի մասնակից թիմերի համար 2018 թվականից սահմանված է եւ հանձնվում է նաեւ Հանրապետության նախագահի մրցանակ։