14:25 | 08.07.19 | Նորություններ | 1908
Հուլիսի 3-ին «Կասպերսկի Լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին եւ Ինտերպոլի իրավապահ մարմինների հետ աշխատանքի գծով գործադիր տնօրեն Թիմ Մորիսն ստորագրել են հինգ տարի ժամկետով համագործակցության մասին համաձայնագիր։
Ստորագրման արարողությունը կայացել է Interpol World 2019 կոնֆերանսի ընթացքում, որը հուլիսի 2-4-ն անցկացվել է Սինգապուրում։ Սա երկրորդ համաձայնագիրն է, առաջինը ստորագրվել է 2014 թվականին։
Համաձայնագրի շրջանակում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետներն Ինտերպոլին կօգնեն կիբեռհանցագործությունների հետաքննության հարցում, կանցկացնեն թրեյնինգներ սպաների համար եւ կտրամադրեն ընկերության կողմից հայտնաբերվող նորագույն կիբեռսպառնալիքների մասին տվյալներ, ինչպես նաեւ դրանց ուսումնասիրության գործիքներ։
Համագործակցությունն ամրապնդում է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի եւ Ինտերպոլի հարաբերությունները, քանի որ հնարավորություն է տալիս աջակցություն ցուցաբերել միջազգային իրավապահ կազմակերպությանը կիբեռհանցագործությունների հետաքննության գործում՝ արդիական տեղեկատվության եւ տեխնոլոգիաների տրամադրման ճանապարհով։
«Բարդ սպառնալիքների քանակի աճի հետ մեկտեղ միջազգային համագործակցությունը եւ փորձաքննության փոխանակումը կարեւոր են դառնում, ինչպես երբեւէ նախկինում։ Մենք ուրախ ենք հայտարարել, որ շարունակում ենք մեր գործընկերությունը Ինտերպոլի հետ եւ նրան տրամադրում աշխարհով մեկ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի համար անհրաժեշտ տվյալներից եւ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություն»,- հայտնել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին։
«Կասպերսկի Լաբորատորիան» կանոնավոր կերպով մասնակցում է օպերացիաների եւ հետաքննությունների, որոնք անցկացվում են ՏՏ-անվտանգության մասնագետների գլոբալ հանրության, Ինտերպոլի նման միջազգային կազմակերպությունների, իրավապահ մարմինների եւ համակարգչային միջադեպերին արձագանքման կենտրոնների հետ համատեղ։
««Կասպերսկի Լաբորատորիա»-ն պաշտպանական լուծումների արտադրողներից առաջինն է հայտարարել իրավապահ մարմիններին անվճար ծառայության մատուցման մասին, որի նպատակն է ընդլայնել գիտելիքներն առ այն, թե ինչպես են ստեղծվում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հաշվետվությունները եւ ինչպես կարող են դրանք օգնել կիբեռհանցագործությունների եւ բարդ կիբեռսպառնալիքների դեմ պայքարում»,- նշել են ընկերությունում: