12:59 | 08.07.19 | Նորություններ | 8370

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը

Մեկնարկել է մայրաքաղաքի ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկը՝ Երեւանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, որի գլխավոր գործընկերն արդեն 14 տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:

Մեկ շաբաթ շարունակ՝ մինչեւ հուլիսի 14-ը, հայ ֆիլմասեր հասարակությունն ու կինոգործիչները միջազգային կինեմատոգրաֆիայի գլուխգործոցները վայելելու բացառիկ հնարավորություն կունենան:

16-րդ «Ոսկե ծիրան»-ի պաշտոնական բացումը կայացել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Անվանի հյուրերը, մրցույթային եւ ոչ մրցույթային ծրագրերի մասնակիցները հանդիսավոր մեկնարկից առաջ անցել են կարմիր գորգով:

Ողջույնի խոսքով հանդես են եկել Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը եւ փառատոնի գլխավոր գործընկեր ընկերության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հերթական անգամ ողջունում եմ «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի հիմնադիրներին, ովքեր իրենց գործն այս տարի վստահել են երիտասարդ սերնդին: Ողջունում եմ նաեւ մեծ դահլիճներում համախմբված կինոսեր, արվեստասեր ու կինոյի լեզուն նորովի բացահայտել ցանկացող հասարակությանը: Տարիներ շարունակ, Հայաստանի մշակութային անցուդարձին շունչ հաղորդող «Ոսկե ծիրանը» բարձր նշաձող է սահմանել ոչ միայն մեր, այլեւ կինոփառատոնային արվեստը գնահատող այլ երկրներում: Այն վաղուց դարձել է գեղարվեստական մտածողության եւ աշխարհընկալման յուրօրինակ հարթակ: Հաճելի կինոդիտում, մասնագիտական նոր վերելք եւ վառ տպավորություններ եմ մաղթում բոլորին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս տարի փառատոնը փոփոխություններ է կրել, փոխվել է փառատոնի ղեկավար կազմը, փոխվել է դիզայնը, լոգոն, վերանայվել են բազում գաղափարներ: Փոխվել է փառատոնի տնօրենը: Սակայն չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ նրա գլխավոր գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ինչի կապակցությամբ մենք չափազանց ուրախ ենք: Եվ մենք, ինչպես միշտ, պարոն Յիրիկյանի հետ ազդարարում ենք փառատոնի բացումը, եւ հուսով ենք, որ միասին մշտապես կազդարարենք փառատոնի մեկնարկը»,- իր խոսքում ընդգծել է Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը:

Կինոփառատոնը բացվել է Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմով:

Հերթական՝ 16-րդ միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ: Ցուցադրության համար ընտրվել են մի շարք կինոնկարներ Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի կինոփառատոնների խաղացանկերից:
Այս տարի լինելու է միջազգային լիամետրաժ (խաղարկային եւ վավերագրական), ինչպես նաեւ կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ: Նախատեսված է նաեւ «Տարածաշրջանային համայնապատկեր» խորագրով արտամրցութային ծրագիրը: Մնացած ծրագրերը լինելու են ոչ մրցութային են: Դրանք կրում են «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք», «Ծուռ Ծիրան» խորագրերը:

«Հետահայաց ցուցադրություններ» ծրագրի շրջանակում ներկայացվելու է 6 ֆիլմ՝ փառատոնի հատուկ հյուրերից երկուսի՝ մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասի (4) եւ Արթուր Արիստակիսյանի (2) գործերից:

«Երեւանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված ֆիլմերից են Նադավ Լապիդի «Հոմանիշներ», Ժու Շենգզեի «Ներկա կատարյալը», Ալեքսեյ Չուպովի եւ Նատալյա Մերկուլովայի «Բոլորին զարմացրած մարդը», Ֆրանսուա Օզոնի «Աստծու ողորմությամբ», Բոն Ջուն-հոյի «Մակաբույծը» եւ այլ կինոնկարներ:

16-րդ «Ոսկե ծիրանի» լիամետրաժ մրցույթի ժյուրին նախագահելու է ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն:

Միջազգային լիամետրաժ մրցույթային ծրագրի ժյուրիի կազմում ընդգրկված են ռեժիսոր Նիկոլաս Վադիմոֆը (Շվեյցարիա), ռեժիսոր, Թեհրանի միջազգային կինոփառատոնի նախագահ Ռեզա Միրքարիմին (Իրան), պրոդյուսեր, Թրայբեկայի կինոփառատոնի գործադիր տնօրեն Էմի Հոբին (ԱՄՆ), պրոդյուսեր Էլիզաբեթ Կառլսենը (Մեծ Բրիտանիա), կինոքննադատ Պաոլո Բերտոլինը (Իտալիա), դերասանուհի, ռեժիսոր Նինո Կիրտաձեն (Ֆրանսիա):

Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահը ռեժիսոր Պիպո Մեցապեսան է (Իտալիա): Ժյուրիի կազմում ընդգրկված են նաեւ օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) եւ Clermont-Ferrand կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը:

Փակմանը ցուցադրվելու է միջազգային լիամետրաժ մրցույթի հաղթող ֆիլմը: