10:18 | 08.07.19 | Նորություններ | 1929
Երեւանում կայացած Հինգերորդ միջազգային բժշկական համաժողովի «Հանրային առողջություն» սեկցիայի ժամանակ ներկայացվել են ախտորոշիչ որոշումներին աջակցող եւ արհեստական բանականությամբ (ԱԲ) գործող համակարգեր, որոնք կոչված են օգնել բժիշկ-թերապեւտներին ավելի ճշգրիտ ախտորոշել պացիենտին՝ հենց սկզբից նշանակելով ճիշտ բուժում եւ հետագայում խուսափել անցանկալի հետեւանքներից:
Համակարգերը մշակվել են Հայաստանի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության հիմնադիր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող «Sylex SARL» ընկերության հայ ծրագրավորողների կողմից: Դրանք նախատեսված են բժշկական հանրության համար եւ համալիր լուծում են առաջարկում սխալ ախտորոշումներից խուսափելու հարցում:
«Sylex SARL» ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բադալյանը նշել է, որ համակարգերի նպատակն է նվազեցնել հնարավոր սխալ ախտորոշումների դեպքերը եւ ի սկզբանե պացիենտին տանել ճիշտ բուժման:
«Մենք իրականում երեք համակցված համակարգ ենք առաջարկում. առաջինը կոչվում է Terra Medicum եւ հանդիսանում է ինտերակտիվ ախտորոշման սիմուլյատոր առաջնային օղակի մասնագետների համար, ինչը նպատակ ունի զարգացնել այդ մասնագետների հմտությունները: Հաջորդը՝ արհեստական բանականությամբ գործող՝ «Դոկտոր Լեքս» կոչվող ռոբոտ-համակարգն է, որը հանդես է գալու որպես թերապեւտ-բժշկի օգնական եւ աջակցելու է նրան ճիշտ ախտորոշում կայացնելու հարցում: Եվ երրորդը՝ Terra Clinic կոչվող համակարգն է, որն արդյունավետ եւ օպտիմալ էլեկտրոնային բժշկական քարտերի (EHR) ներդրման լուծումներ է առաջարկում՝ հիմնվելով HL7 FHIR միջազգային ստանդարտների վրա»,- ընդգծել է Կարեն Բադալյանը։
Նա նշել է, որ համակարգերը ներկայումս թեստավորման փուլում են, կան պայմանավորվածություններ աշխարհի մի շարք առաջատար կլինիկաների հետ դրանք փորձարկելու վերաբերյալ:
«Այս խելացի համակարգերն իսկապես զգալիորեն կարող են հեշտացնել բժիշկների գործը եւ խնայել նրանց ժամանակը, ինչի հաշվին նրանք կարող են ավելի շատ պացիենտների սպասարկել եւ, ամենակարեւորը, կայացնել ճիշտ ախտորոշում: Մեր ընկերությունը մասնագիտացել է բժշկության եւ էլեկտրոնային առողջապահության ոլորտում ծրագրային ապահովումների մշակման մեջ: Մենք քաջատեղյակ ենք առողջապահության ոլորտի խնդիրներին եւ դրանց փորձում ենք լուծում տալ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով՝ կիրառելով արհեստական բանականություն եւ խելացի այլ լուծումներ: Ակնհայտ է, որ ՏՏ շատ մեծ կիրառություն ունեն առողջապահության մեջ եւ զգալիորեն փոխում են դրա որակը: Ուստի մենք կարեւոր համարեցին այն ներկայացնել նաեւ այս համաժողովի մասնակիցներին, որոնց կողմից հետաքրքրությունը բավականին մեծ էր»,-ասում է Կարեն Բադալյանը:
Ընկերության ծրագրավորողների կողմից համակարգերի մշակման համար մեծ ծավալի աշխատանք է կատարվել։ Դրանցում ներգրավվել են նաեւ բժիշկներ, օգտագործվել են հայտնի Merck կազմակերպության բժշկական հանրագիտարանները, PubMed-ի տեղեկատվական բազաները։
«Դոկտոր Լեքս» կոչվող ռոբոտ-համակարգը այս տարվա փետրվարին ներկայացվել է ԱՄՆ-ում կայացած HIMSS19 Health IT Conference (առողջապահության ոլորտի տեղեկատվական տեխնոլոգիաներ) խոշորագույն միջազգային համաժողովին, որտեղ համաշխարհային առաջատար ընկերությունները ցուցադրում են առողջապահության ոլորտին վերաբերող տեխնոլոգիական նորությունները։
«Sylex SARL» ընկերությունը, «Մեյսիս Ապահով» ընկերության հետ հանդիսանում է Հայաստանի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության հիմնադիրը։ «Sylex SARL»-ը մասնագիտացած է էլեկտրոնային առողջապահության եւ ապահովագրության ոլորտներում ծրագրային լուծումների մշակումների մեջ։ Ընկերությունը համաշխարհային տեխնոլոգիական առաջատար «Ericsson Nikola Tesla» ընկերության գլոբալ գործընկերն է։