11:53 | 04.07.19 | Նորություններ | 3043

«Թումո-տուփ» ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերին

Հուլիսի 3-ին ներկայացվել է Թումոյի նոր մարզային «Թումո-տուփ» ծրագիրը:

Նախագիծը հնարավորություն է տալիս առանց շինարարական մեծ ծախսերի փոքր համայնքների պատանիների համար հասանելի դարձնել Թումոյի կրթական ծրագիրը՝ միեւնույն ժամանակ ապահովելով նրանց կրթական տարածքով:

Թումո-Տուփի գաղափարի մշակման եւ ներդրման գործում նշանակալի աջակցություն է ցուցաբերել ՀՀ Կենտրոնական Բանկը: Թումո-տուփը հեշտ տեղաշարժվող, սակայն տեխնիկապես հագեցած մինի-Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում, եւ ծառայել որպես Թումոյի ինքնուսուցողական տարածք տեղի պատանիների համար։ Անցնելով ինքնուսուցման ընթացքը իրենց տեղական Թումո-տուփում` ուսանողները մասնագիտացված դասընթացների փուլում ուղեւորվում են մոտակա մեծ կենտրոն` Թումո հանգույց:




Առաջին Թումո-տուփը` Ամունդի-ԱԿԲԱ ընկերության հետ համագործակցությամբ, ինչպես նաեւ Hayg Foundation հիմնադրամի նվիրատվությամբ մեկնարկում է Բերդ քաղաքում: Բերդի եւ մոտակա բնակավայրերի ուսանողները գործնական դասընթացները կանցնեն Թումո Դիլիջանում, որը կվերածվի կրթական հանգույցի: Թումո-տուփը հնարավորություն կտա տեխնոլոգիաների եւ դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 250 պատանիների:

Միջոցառման ընթացքում փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց Տավուշի մարզպետարանի հետ` Բերդ քաղաքում տեղադրվող առաջին Թումո-տուփի տրանսպորտային աջակցության վերաբերյալ:

Դիլիջանի Թումո կենտրոնը նույնպես կընդլայնվի` ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցության շնորհիվ վերածվելով ոչ միայն կրթական հանգույցի, այլեւ հանրային տարածքի: Վերանորոգման եւ արդիականացման աշխատանքների արդյունքում շենքը հնարավորություն կունենա ընդունել ավելի մեծ թվով Թումո ուսանողների, ինչպես նաեւ կհատկացվեն տարածքներ խմբային եւ անհատական աշխատանքի, հանդիպումների եւ միջոցառումների անցկացման համար: Շենքում կգործի կինոթատրոն, դասընթացների եւ ինքնազարգացման համար հարմարեցված տարածքներ:

Բերդի Թումո-տուփի եւ Դիլիջանի Թումոյի միջեւ անհրաժեշտ կապը կապահովվի Տավուշի մարզպետարանի աջակցությամբ. միջոցառմանը փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց դասընթացների շրջանում Բերդի թումոցիներին հատուկ տրանսպորտային միջոց տրամադրելու վերաբերյալ:

«Կարծում ենք, սա Թումոյի կրթությունը բոլոր մարզերում հասանելի դարձնելու մեր առաքելությանն ուղղված եւս մի` հնարավորինս հաջողակ քայլ է, եւ դրա հաջողության գրավականն է մասնավոր ընկերությունների, պետական մարմինների եւ անհատ բարերարների միավորումը կրթության զարգացման գաղափարի շուրջ: Նման ձեւաչափով նախատեսում ենք մեր ծրագիրը ընդլայնել Արցախում եւ Շիրակում նոր Տուփերի եւ Ստեփանակերտի ու Գյումրիի կենտրոնների համագործակցությամբ, ինչպես նաեւ մոտ ապագայում` Մասիսում եւ Կողբում բացվող Թումոները նույնպես կվերածվեն կրթական հանգույցների: Հուսանք, բոլոր մարզերում կգտնենք ղեկավարների, գործընկերների եւ հովանավորների աջակցությունը»,- նշել է Մարի Լու Փափազյանը:

Բերդի Թումո-տուփը կսկսի գործել 2019թ. սեպտեմբերից` Թումոյի ինքնակրթական փուլ հրավիրելով առաջին 160 ուսանողներին: