12:55 | 26.06.19 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 289787
Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն չորրորդ շրջանի շրջանավարտ ստարտափներին:
3 DZUK-ն անհատական նկարազարդումներով նվերներ ստեղծող ընկերություն է, որն օգտագործում է իր ստեղծած արհեստական բանականության (ԱԲ) ալգորիթմը՝ մարդու լուսանկարից նկարազարդում ստանալու համար: Նկարազարդումները տպագրվում են տարատեսակ ապրանքների վրա՝ շապիկներ, հեռախոսի պատյաններ, նոթատետրեր, պայուսակներ, գրչատուփեր եւ այլն:
Ընկերությունը նաեւ մշակում է մոբայլ հավելված, որի օգնությամբ օգտատերը սելֆի անելով կարող է արագ ստանալ իր նկարազարդ կերպարը, եւ ցանկության դեպքում հենց հավելվածի միջոցով տարբեր ապրանքների վրա տպագրություն պատվիրել:
Թիմը բաղկացած է 5 հոգուց՝ Ագատա Բադալյան եւ Հասմիկ Մինասարյան (նկարիչներ), Աբել Ղազինյան (ԱԲ մասնագետ), Վազգեն Հակոբջանյան (թիմի խորհրդատու, ԱԲ մասնագետ), Իրինա Մրյան (մարքեթինգի մասնագետ):
Թիրախային լսարանում այն երիտասարդներն են, որոնք սիրում են գեղեցիկ նվերներ եւ աքսեսուարներ, ինչպես նաեւ սելֆի անել: Մյուս թիրախը ծնողներն են, որոնք իրենց երեխաների համար ցանկանում են յուրօրինակ նվերներ անել: Երրորդը` կազմակերպության HR բաժիններն են, որոնք իրենց աշխատակիցներին ցանկանում են պարբերաբար նվերներ անել:
«Մենք առաջարկում ենք հաճախորդին ունենալ անհատական նկարազարդ կերպարով նվեր: Տարբերվում ենք նաեւ արագությամբ: Հիմնականում մեկ կերպար նկարելը եւ տպագրական աշխատանքները միասին տեւում են մոտ 7-10 օր, որից հիմնական ժամանակը խլում է նկարչությունը: ԱԲ լուծում օգտագործելով՝ նկարչության աշխատանքի ժամանակը կրճատվում է մի քանի անգամ»,- նշել են ընկերությունում:
Առաջիկա մեկ տարում ստարտափը ծրագրում է գործարկել հավելվածը՝ դրանով մեծացնելով վաճառքների քանակը, ինչպես նաեւ մտնել չինական շուկա:
Նարինե Դանեղյան