16:34 | 14.06.19 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 205897

Armenia Startup Academy-ի շրջանավարտները. MLabel

 

Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն չորրորդ շրջանի շրջանավարտ ստարտափներին:

MLabel-ը առցանց հարթակ է, որը հեշտացնում եւ արագացնում է տվյալների պիտակավորման (labeling) գործընթացը` մեքենայական ուսուցման օգնությամբ:

Ներկայում հարթակը կարող է օգտագործվել նկարների դասակարգման (classification) բազաներ հավաքելու համար։ Հետագայում ստարտափի թիմը ծրագրում է այն դարձնել կիրառելի նաեւ տեքստային, ձայնային եւ այլ տեսակի տվյալների համար։

MLabel-ի թիմը կազմված է 3 հոգուց: Սիփան Մուրադյանը ծրագրի ղեկավարը եւ մեքենայական ուսուցման մասնագետն է, Դավիթ Մուրադյանը՝ վեբ ծրագրավորողը, իսկ Օվսաննա Պապիկյանը պատասխանատու է մարդկային ռեսուրսների եւ գործընթացների համար։

Itel.am-ի հետ զրույցում Սիփան Մուրադյանը տեղեկացրել է, որ թիրախում այն ՏՏ ընկերություններն ու անհատներն են, որոնք օգտագործում են մեքենայական ուսուցման տեխնոլոգիա:

«Այդ ընկերությունները հավաքում են տվյալների շատ մեծ բազաներ եւ բավական շատ ժամանակ են ծախսում դրանք պիտակավորելու վրա։ Ներկայում դա արվում է մեկ առ մեկ։ Մենք մշակել ենք մեքենայական ուսուցման ալգորիթմ, որն ուսումնասիրելով պիտակավորման ընթացքը, սկսում է իր առաջարկներով օգնել մարդուն եւ արագացնել գործընթացը՝ պիտակավորումն իրականացնելով խումբ առ խումբ, ինչն ապահովում է ծախսվող ժամանակի կրճատում»,- ընդգծել է նա:

Նրա խոսքով, Armenia Startup Academy-ի ծրագրին մասնակցությունը թիմին օգնել է կարճ ժամանակում արդյունքներ գրանցել:

«Երբ գրանցվեցինք ծրագրին, առկա էր միայն գաղափարը, շատ քիչ գիտելիքներ ունեինք ստարտափների մասին։ Մասնակցության ընթացքում ձեռք բերեցինք ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաեւ ստացանք պրակտիկ խորհուրդներ, մոտիվացիա, հստակեցրինք մեր ապագա ուղղությունը, ձեռք բերեցինք նոր ընկերներ ու ծանոթություններ»,- ասել է Սիփան Մուրադյանը:

MLabel-ն արդեն ունի հարթակի նախատիպը եւ ծրագրում է օգոստոսին գործարկել այն։ Սիփան Մուրադյանի խոսքով, այնուհետ կընդլայնեն թիմը եւ կմեկնարկեն այլ տեսակի տվյալների պիտակավորման ալգորիթմների մշակման գործընթացը։

Նարինե Դանեղյան