14:37 | 13.06.19 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 199254
Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն չորրորդ շրջանի շրջանավարտ ստարտափներին:
Lucky Carrot-ը նորարար հարթակ է, որը թույլ է տալիս ընկերություններին բարելավել աշխատակիցների ներգրավվածությունը եւ մոտիվացիան՝ նպաստելով ավելի լավ աշխատանքային միջավայրի ստեղծմանը։
Թիմի կազմում են ծրագրի ղեկավար Զառա Մուրադյանը, ծրագրավորող Նարեկ Տոնոյանը եւ բիզնեսի զարգացման պատասխանատու Մարիամ Գյուլումյանը։
Զառա Մուրադյանի խոսքով, համակարգը թույլ է տալիս աշխատակիցներին շնորհակալություն հայտնել միմյանց՝ ուղարկելով նախօրոք ընկերության կողմից ստացված վիրտուալ գազարները։ Կուտակված գազարները կարելի է վերածել լավագույն խանութների եւ ժամանցային վայրերի նվեր քարտերի։
Միեւնույն ժամանակ, կազմակերպությունը ստանում է աշխատակիցների ուժեղ եւ թույլ կողմերի, ինչպես նաեւ նրանց միջեւ շփման արդյունավետության վերլուծություն։
«Ի տարբերություն նմանատիպ պրոդուկտների, Lucky Carrot-ը տալիս է տարբեր երկրների տեղական խանութների նվեր քարտեր, շատ հեշտ է օգտագործել եւ ապագայում, մեծ տվյալներ ունենալու դեպքում,պլանավորում ենք անել աշխատակիցների աշխատանքից դուրս գալու կանխատեսումներ՝ օգտագործելով արհեստական բանականություն»,- նշել է Զառա Մուրադյանը:
Ստարտափի թիրախում են ՏՏ եւ ֆինանսական ոլորտի ընկերությունները, որոնք ունեն 10-1000 աշխատակից։
«Մասնակցելով Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագրին, մենք ստացանք շատ օգտակար գիտելիքներ ստարտափի զարգացման համար եւ, իհարկե, ձեռք բերեցինք նոր ծանոթություններ»,- ընդգծել է Զառա Մուրադյանը:
Այսօր հարթակն օգտագործվում է 13 կազմակերպությունների կողմից (Hero House, SmartClick AI, Chessify, The Crowdfunding Formula, Seven Smarts, Onex, FinLex եւ այլն), որոնց աշխատակիցների ընդհանուր թիվը հասնում է մոտ 500-ի։
Առաջիկա մեկ տարում ստարտափը ծրագրում է դուրս գալ արեւելաեվրոպական շուկա, համալրել թիմը եւ զարգացնել Lucky Carrot-ը։
Նարինե Դանեղյան