12:20 | 20.06.19 | Նորություններ | 4214

Ծրագրավորման աշխարհահռչակ ուսումնական կենտրոն «42»-ը գալիս է Երեւան

ԵՄ Թումո ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրը հայտարարել է, որ Հայաստանը միանում է ծրագրավորման ֆրանսիական առաջատար ուսումնական կենտրոնի` 42-ի ցանցին, որում արդեն ընդգրկված է 20 դպրոց:

«42 Երեւան»-ը տեղակայվելու է Երեւանում` Թումո կենտրոնի հարեւանությամբ եւ գործելու է որպես ԵՄ Թումո ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրի նախագծերից մեկը:

42-ը ծրագրավորման առաջատար կենտրոն է, որը հիմնադրել է ֆրանսիացի գործարար Քսավյե Նյելը 2013թ.: Ուսումնական կենտրոնի նպատակն է կրթել ապագայի լավագույն ծրագրավորողներին ու հիմք ստեղծել նրանց հաջողակ ապագայի համար: Այս համագործակցության շնորհիվ ԵՄ Թումո համալիրը կլրացնի Հայաստանում բարձր որակավորման ծրագրավորողների անհրաժեշտ թիվը` զարկ տալով տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ստարտափների ոլորտին: 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր ոք հնարավորություն կստանա անվճար ձեռք բերել ծրագրավորման հմտություններ:

42 Երեւանը ձգտելու է ներգրավել կանանց եւ ուսանողների Հայաստանի մարզերից, որոնց ապահովելու է կացարանով, եւ այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներով ուսման ընթացքում: Դպրոցը կընդունի տարեկան մինչեւ 150 ուսանողի մինչեւ 2 տարի տեւողությամբ կրթական փուլի համար: Հայաստանում բացվող կենտրոնը կլինի միակը տարածաշրջանում եւ տեղ կգտնի 42-ի ցանցում ընդգրկված Ֆրանսիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Կոլումբիայի, Իսպանիայի, Կանադայի, Նիդերլանդների, Մարոկկոյի, Ռուսաստանի, Բրազիլիայի եւ Ինդոնեզիայի կենտրոնների շարքում:

42-ի մանկավարժական նորարարության հիմքում է «ընկերը` ընկերոջը» մեթոդը: Ուսանողները սովորում են առանց ուսուցիչների կամ դասընթացների, եւ կիրառական նախագծերի միջոցով ինքնուրույն են տնօրինում իրենց ուսումը: Հաջողելու համար ուսանողները հիմնվում են խմբի պատրաստվածության, գիտելիքի ակտիվ փոխանակման ու իրար օգնելու վրա: ՏՏ մասնագիտական ոլորտի պես, կրթական այս մոդելը հիմնված է կոլեկտիվ մտքի վրա եւ խթանում է ինքնակրթությունը, փորձարարությունն ու քննադատական մտածողությունը:

ԵՄ Թումո համալիրը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի եւ Եվրոպական միության նախաձեռնությունն է: Այն բազմապրոֆիլ համալիր է, որը միավորում է համալսարաններն ու բիզնեսը` խթանելով նորարարությունն ու ձեռնարկատիրությունը եւ կապեր ստեղծելով ուսանողների, հետազոտողների եւ ՏՏ ընկերությունների, ինչպես նաեւ նրանց միջազգային գործընկերների միջեւ: Այն ներառելու է կրթության, վերապատրաստման եւ ձեռնարկատիրության համար նախատեսված հարմարություններ: