11:28 | 20.03.19 | Նորություններ | 6611

«Թումո»-ին կից ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիր կստեղծվի

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տրվել է «ԵՄ Թումո ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիր» կրթագիտական նախագծի մեկնարկը:

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ սկսում է իրագործվել շատ կարեւոր մի նախաձեռնություն, որը պետք է խթանի հետազոտության եւ նորարարությունների մուտքը բարձրագույն կրթության համակարգ:

«Ինժեներական եւ կիրառական գիտությունների այս նոր կենտրոնի հիմնումն այդ ուղղությամբ իրականացված կոնկրետ քայլ է։ Նախկինում ունեցել ենք դեպքեր, երբ պետությունը համաձայնություն է տվել, նաեւ միջոցներ հատկացրել՝ ստեղծել լաբորատորիա կամ որեւէ կենտրոն, սակայն դրանք գեղեցիկ բացումներից հետո արդյունավետ չեն գործել։ Հաշվի առնելով, որ նոր կենտրոնը ստեղծվում է «Թումո»-ում, որը կրթության նորարարության ոլորտում արդյունավետ գործունեության մեծ փորձ ունի, լիահույս եմ, որ նոր նախագիծը ծառայելու է իր հիմնական նպատակին»,- նշել է նախարարը:

Նա ընդգծել է, որ «Եվրամիությունը հանուն նորարարության» ծրագրի շրջանակում ԵՄ-ն Հայաստանին հատկացնում է դրամաշնորհ, որն ունի երկու կարեւոր բաղադրիչ։ Դրանցից մեկը՝ «Թումո»-ում ինժեներական եւ կիրառական գիտությունների նոր կենտրոնի ստեղծումն է, մյուսը՝ հանրակրթության ոլորտում մաթեմատիկա եւ բնագիտական առարկաների՝ 1-12-րդ դասարանների կրթական չափորոշիչների եւ առարկայական ծրագրերի մշակումը, դասագրքերի ստեղծումը, փորձարկումն ու մանկավարժների վերապատրաստումն է:

«Սա հանրակրթության ոլորտում տեղի ունեցող մեծ գործընթացի կարեւոր փուլերից է, որն իրականացվելու է առաջիկա երկու-երեք տարիներին»,- նշել է Արայիկ Հարությունյանը։

Նախագծի մեկնարկի կապակցությամբ ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը հանդես է եկել տեսաուղերձով, ողջույնի խոսք են ասել Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արեւելյան հարեւանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը։

«Թումո»-ի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը ներկայացրել է «ԵՄ - Թումո ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիր» նախագիծը, որին հետեւել է համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:

Այնուհետեւ ԿԳ նախարարի եւ ԵՄ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել նոր կրթական կենտրոնի հիմնարկեքի արարողությունը։ Նախատեսվում է Երեւանում` «Թումո» կենտրոնին կից, կառուցել մոտ 15 000 քառակուսի մետր մակերես ունեցող շինություն: Կառույցն իր մեջ կներառի կրթական ծրագրավորման ենթակառուցվածք, ինչպես, օրինակ, «Թումո» լաբորատորիաներ, STEM հետազոտությունների լաբորատորիա, կոնֆերանսների սրահ եւ կոմերցիոն տարածք` կենտրոնի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն ապահովելու համար:

«Թումո» լաբորատորիաները կլինեն Թումո ծրագրի տրամաբանական շարունակությունը` հնարավորություն տալով բուհերում սովորող ուսանողներին եւ երիտասարդ մասնագետներին 18 տարին լրանալուն պես ձեռք բերել STEM-ին առնչվող կիրառական հմտություններ:

Կենտրոնը լինելու է հետազոտությունների, կրթության եւ ստարտափների հանգույց, որն իր շուրջ է հավաքելու տեղական եւ միջազգային գործընկերների` Հայաստանում բարձրագույն կրթության եւ արդյունաբերության միջեւ բացը լրացնող կամուրջ:

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի նոր ֆակուլտետը նորաստեղծ համալիրի մի մասն է լինելու:

Եվրոպական միությունը Հայաստանի կրթական բարեփոխումներին աջակցելու նպատակով հատկացնում է 23 մլն եվրո դրամաշնորհ, որից 10,5 մլն՝ STEM առարկաների չափորոշիչների մշակմանը, իսկ 12,5 մլն՝ «Թումո» ստեղծարար կենտրոնին «ԵՄ-Թումո ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիր» նախագծի իրականացման նպատակով:

«Թումո»-ին կից ինժեներական եւ կիրառական գիտությունների նոր համալիրի ծրագրային ընդհանուր արժեքը 25 մլն եվրո է, որն իրականացվում է ԵՄ-ի եւ «Թումո» կենտրոնի համաֆինանսավորմամբ։