16:20 | 19.03.19 | Նորություններ | 2805

Հայաստանցի երիտասարդ ձեռնարկատերը՝ միջազգային մրցույթի հաղթող

«Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագրի հայաստանյան մասնակից Նելլի Դավթյանը հաղթել է ծրագրի հոբելյանի կապակցությամբ անցկացվող միջազգային մրցույթի «Լավագույն ձեռնարկատեր» մրցանակաբաշխությունում:

ՓՄՁ ԶԱԿ-ում նշել են, որ մրցանակաբաշխությունը կայացել է մարտի 18-ին Բրյուսելում:

Մրցույթին մասնակցել են 10 տարվա ընթացքում ծրագրի շահառու հարյուրավոր ձեռնարկատերեր աշխարհի 36 երկրից։

Նելլի Դավթյանը «Այ Թի Սոլուշնս» («Անտիկ Արթ» ՍՊԸ) ընկերության հիմնադիր տնօրենն է։ Ընկերությունը զբաղվում է ծրագրավորման ծառայությունների մատուցմամբ, առաջին պրոդուկտը «Բասթիքս» տուրիստական հեռախոսային հավելվածն է, որն իր տեսակի մեջ միակն է ԱՊՀ երկրներում։

2018թ. Նելլի Դավթյանը «Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագրի շրջանակում 3 ամսով մեկնել է Մալթա՝ փորձի փոխանակման նպատակով։

Այսօր «Այ Թի Սոլուշնսը» համագործակցում է Մալթայի մի շարք առաջատար ՏՏ ընկերությունների հետ, մշակում է էլեկտրոնային ուսուցման ծրագրեր, որոնցից մեկը կարող է ծառայել ՀՀ կրթական ոլորտի բարելավմանը։

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը «Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագրի միակ միջնորդ կազմակերպությունն է Հայաստանում: Ծրագիրը հասանելի է հայաստանյան ձեռնարկատերերի համար 2017-ից եւ կտեւի մինչեւ 2022-ը: