16:54 | 16.05.19 | Նորություններ | 3192

DISQO-ի հայաստանյան թիմն ընդլայնվում է

DISQO ստարտափի համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Դրո Քոչարյանը ամփոփելով հայաստանյան գրասենյակի հիմնադրման 6 ամիսների գործունությունը նշել է, որ Հայաստանի մասնագիտական պոտենցիալը գերազանցել է սպասելիքները:

«Ակնկալում էինք 30 ավագ մասնագետների ներգրավել մեկ տարում, բայց դա հասցրել ենք անել ընդամենը 6 ամսում եւ այժմ էլ շարունակում ենք փնտրել նոր կադրերի։ Թիմի աճի նման տեմպի գաղտնիքը մեր կիրառած ժամանակակից բարձր տեխնոլոգիաներն են, որ գրավում են ավագ մասնագետներին։ Կարեւոր նշանակություն ունի նաեւ այն փաստը, որ ընկերությունն աշխատում է սեփական պրոդուկտի մշակման ու զարգացման վրա, որի սպառողը Fortune 500 ցանկում ընդգրկված առաջատար ընկերություններն են»,- նշել է նա:

Ընկերությունը 6 ամսում հասցրել է ընդլայնել ոչ միայն թիմը, այլեւ գրասենյակը՝ տեղափոխվելով ավելի մեծ տարածք Թումոյում։ Այս ընթացքում հայաստանյան թիմը նաեւ վերապատրաստվել է DISQO-ի Լոս Անջելեսում գտնվող գլխամասում։

«Մեզ համար նպատակային է տեղի լավագույն մասնագետների համար աճելու ու զարգանալու միջավայր ու հնարավորություններ ստեղծել հենց Հայաստանում՝ նվազեցնելով երկրից տաղանդի արտահոսքը։ Հպարտորեն կարող եմ նշել, որ մեր գործունեությամբ արդեն իսկ հասցրել ենք այս հարցում եւս հաջողություններ գրանցել»,- նշել է հայաստանյան գրասենյակի տնօրեն Թանիա Սահակյանը։

«Ամենատարբեր ելույթների, դասընթացների ու հանդիպում-քննարկումների միջոցով մենք պատրաստվում ենք կիսվել ձեռք բերած փորձով։ Արդեն սկսել ենք այս ուղղությամբ աշխատել եւ շուտով կունենանք «DISQOtech: challenges and solutions in high-tech» թեմայով հանդիպում-քննարկում ՏՏ համայնքի ներկայացուցիչների հետ»,- հավելել է ընկերության ավագ ծրագրավորող Դավիթ Սիրադեղյանը։

Ընկերության թափուր հաստիքներին կարելի է ծանոթանալ այստեղ։