11:06 | 22.04.19 | Նորություններ | 5110

Հայաստանի տեխնո կենտրոնների ներկայացուցիչները ԵՄ աջակցությամբ այցելել են Լյուբլյանայի տեխնոպարկ

Ապրիլի 15-19-ը Հայաստանի պատվիրակությունը, որտեղ ընդգրկված էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գյումրիի եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների, Ինժեներական քաղաքի ներկայացուցիչներ, այցելել է Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանա:

Այցն իրականացվել է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

Լյուբլյանայի տեխնոպարկ կատարած այցի նպատակն էր ստանալ եւ փոխանցել գիտելիքներ՝ բիզնես աջակցության եւ ինովացիոն միջավայրի ձեւավորման հարցերի շուրջ:

photo © ՁԻՀ

Լյուբլյանայի տեխնոպարկը հիմնադրվել է շուրջ 2 տասնամյակ առաջ եւ այսօր համարվում է Հարավարեւելյան Եվրոպայի ամենախոշոր եւ ազդեցիկ տեխնո կենտրոնը: Այստեղ են տեղակայված 300-ից ավելի ընկերություններ եւ ինովացիոն թիմեր: Իր գործունեությամբ տեխնոպարկը նպաստում է երկրում նորարարական եւ ձեռներեցական էկոհամակարգերի զարգացմանը՝ Սլովենիայի կառավարության հետ համատեղ: Ներկայում տեխնոպարկն ամբողջությամբ հոգում է սեփական ծախսերը եւ կայուն ներդրում ունի Սլովենիայի հարկային համակարգում:

Այցի շրջանակում հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են տեխնոպարկի ղեկավար կազմի եւ ներկայացված ընկերությունների հետ, տեղեկություններ ստացել կառույցի կոմերցիոն նախագծերի, ինչպես նաեւ ԵՄ աջակցությամբ իրականացվող այն նախաձեռնությունների մասին, որոնք օգնում են երիտասարդ ձեռներեցներին՝ խթանելով սմարթ մասնագիտությունների զարգացումը եւ ձեռներեցության զարգացմանը միտված պիլոտային նախագծերը:

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ Սլովենիայի կառավարությունում` Կրթության, Գիտության եւ Սպորտի, Տնտեսական զարգացման եւ տեխնոլոգիաների նախարարությունների, Զարգացման եւ եվրոպական ինտեգրման կառավարական գրասենյակի, Սլովենիայի ձեռներեցության հիմնադրամի, Լյուբլյանայի քաղաքապետարանի հետ:

Այցի վերջին օրը ՁԻՀ-ը եւ Լյուբլյանայի տեխնոպարկը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կհամագործակցեն ինժեներության, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ու նորարարության ուղղություններում:

Ստորագրված հուշագիրը կնպաստի համատեղ տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը, հետազոտության եւ զարգացման (R&D) նախագծերի իրականացմանը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ համագործակցության հաստատմանը՝ արհեստական բանականության, կիբերանվտանգության, ինժեներության եւ տեխնոլոգիական այլ ուղղություններում:

Հուշագրով նաեւ նախատեսվում է համատեղ ծրագրերի իրականացում ստարտափների աջակցության, աքսելերացիայի, հետազոտությունների իրականացման եւ փորձագետների փոխանակման ուղղություններում: