14:00 | 29.03.19 | Նորություններ | exclusive 3994

Կենդանացող Street Art` ARLOOPA հավելվածով

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանին հարակից պատին Արամ Խաչատրյանի նկարն է` Street Art տարբերակով, իսկ կողքին փակցված է մի գրություն. «Ներբեռնի՛ր ARLOOPA հավելվածը, սքանավորի՛ր պատը, վայելի՛ր երաժշտությունը»:

Նշված քայլերը կատարելով` ոչ միայն հնարավոր է վայելել Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես»-ը, ինչպես գրված է, այլ նաեւ տեսնել Արամ Խաչատրյանի շարժվող պատկերը:

 

ARLOOPA ընկերության նախագծերի ղեկավար Արմինե Ղազարյանը Itel.am-ի հետ զրույցում նշում է, որ համագործակցության առաջարկը ստացել են Խաչատրյանի տուն-թանգարանից, եւ տեսնելով թանգարանի հարակից տարածքի պատին արդեն նկարված Street Art-ը` համատեղ նախագծի առաջարկն արել:

Պատկերը կենդանանում է լրացված իրականության (AR) տեխնոլոգիայի օգտագործմամբ, նախագծի թվային տարբերակն անիմացնելու համար աշխատել են 2D արտիստներ:

Արմինեի խոսքով, կենդանացող Street Art-ի մասին տեղեկատվությունը շատ արագ տարածում գտավ եւ՛ հեռուստատեսությամբ, եւ՛ սոցիալական ցանցերով: Արդյունքում, ARLOOPA-ն ստացել է այլ Street Art-երի կենդանացման առաջարկներ, թեեւ սա ընկերության եւ մշակութային հաստատությունների առաջին համագործակցությունը չէ:

««Քաղաքի արձանները նորովի» նախագծի շրջանակում համագործակցել ենք ՀՀ մշակույթի նախարարության հետ, արդյունքում ստեղծվել է լրացված իրականություն (Augmented Reality) տեխնոլոգիայի վրա հիմնված Arm Culture AR հավելվածը, որը հնարավորություն էր տալիս «կենդանացնելու» Հովհ. Թումանյանի եւ Ալ. Սպենդիարյանի արձանները. արձանի առջեւ հայտնվում էին վերջիններիս 3D վիրտուալ անիմացիաները՝ համապատասխան ձայնային հաղորդագրություններով»,- նշում է Արմինե Ղազարյանը:

Ռուսական արվեստի թանգարանի հետ համագործակցության շրջանակում, օրինակ, ARLOOPA հավելվածի միջոցով «կենդանացել է» Միխայիլ Վրուբելի «Դեւը եւ հրեշտակը Թամարի հոգու հետ» գծանկարը: Թումանյանի թանգարանի հետ համագործակցությամբ ստեղծվել է Toumanian Museum AR/VR հավելվածը, իսկ Ֆրեզնոյում բացված Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի համար ARLOOPA-ն ստեղծել է William Saroyan հավելվածը, որի միջոցով կարելի է տեսնել Սարոյանին` 3D վիրտուալ անիմացիայի տեսքով:

Արմինե Ղազարյանի խոսքով` տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է մշակույթի նկատմամբ ժամանակակից երիտասարդության հետաքրքրվածության մեծացմանը, ինչպես նաեւ օգնում է զբոսաշրջիկներին ծանոթացնել Հայաստանի մշակութային արժեքներին՝ ինտերակտիվ տարբերակով:

Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մշակութային ոլորտի ներկայացուցիչները նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ փորձում են նորովի ներկայացնել եւ առավել հասանելի դարձնել թե՛ արվեստը, թե՛ տեխնոլոգիաները:

«Այժմ ընթացքի մեջ է մի յուրօրինակ նախագիծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հետ, եւ շարունակվում է համագործակցությունը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ»,- հավելել է Արմինե Ղազարյանը:

Վիկտորյա Մարկոսյան