11:03 | 29.03.19 | Նորություններ | 4823

Արմեն Սարգսյան. Զարգացող տեխնոլոգիաներից չպետք է վախենալ

Արհեստական բանականությունը հզորացնելու է մարդուն եւ օգնելու է, որ մարդը զբաղվի այն հիմնական գործունեությամբ, որի համար ստեղծված է, ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Այս մասին նա հայտարարել է այսօր՝ Երեւանում մեկնարկած «Էվոլյուցիա եւ արհեստական բանականություն» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակում:

«Զարգացող տեխնոլոգիաներից չպետք է վախենալ: Դրանք ոչ թե սահմանափակելու են մարդուն եւ խլելու են աշխատանքը, այլ ընդհակառակը, նպաստելու են մարդու զարգացմանը: 50 տարի առաջ, երբ մարդիկ նոր էին ստեղծում համակարգիչը, վախենում էին, որ այն իրենց աշխատանքը կտանի, բայց եղավ հակառակը, եւ համակարգիչները հսկայական ինդուստրիա ստեղծեցին: Այսօր, երբ մեր երեխաներին հարցնում ենք, թե ինչ են ցանկանում դառնալ, մի մասն ասում է դիվանագետ, մյուսը մասը՝ ծրագրավորող: Եվ սա այն դեպքում, երբ սրանից 40 տարի առաջ մարդիկ վախենում էին համակարգիչներից»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով, որպեսզի կարողանանք հստակ պատկերացնել, թե ուր ենք գնում, պետք է հետեւենք, թե ուր է գնում աշխարհը եւ կառուցենք մեր ապագան այնպես, որ լինենք աշխարհի առաջատարների շարքում:

«Նմանատիպ կոնֆերանսները անհրաժեշտություն են մեր ապագան կառուցելու համար: Այս կոնֆերանսին ներկա են աշխարհի լավագույն գիտնականները, որոնք կարող են խոսել, թե ինչպիսին են տեսնում աշխարհը 50-100 տարի անց, եւ մաթեմատիկոսները, որոնք մշակում են այն տեխնոլոգիան, որը կգործարկվի 5-10 տարի հետո»,- նշել է Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահը հավելել է, որ Հայաստանում հսկայական պոտենցիալ է տեսնում, որը ճիշտ քայլերի պարագայում կարող է զարգանալ:

Հիշեցնենք, որ «Էվոլյուցիա եւ արհեստական բանականություն» խորագրով միջազգային գիտաժողովը կշարունակվի մինչեւ ապրիլի 3-ը: Դրա շրջանակում աշխարհի առաջատար գիտնականները եւ փորձագետները կքննարկեն էվոլյուցիայի՝ այդ թվում արհեստական բանականության զարգացման համաշխարհային միտումներն ու օրակարգը:

Միջազգային գիտաժողովի մասնակցության համար Հայաստան են ժամանել առաջատար փորձագետներ եւ գիտնականներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Չինաստանից, Ճապոնիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Նիդերլանդներից, Հունգարիայից, Ռուսաստանից, Իրանից, Իսրայելից եւ Սինգապուրից:

Գիտաժողովն իրականացվում է Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կողմից՝ ՀՀ Կառավարության, ԱՏՁՄ-ի եւ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ: