16:47 | 18.02.19 | Նորություններ | 2774

ՀՀ նախագահ. Տեխնոլոգիաները լինելու են Հայաստանի լոկոմոտիվը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայում, այսօր ասել է, որ Հայաստանի հիմնական լոկոմոտիվն են լինելու նոր տեխնոլոգիաները, նորարարությունները, ստարտափները:

Այս մասին Արմեն Սարգսյանն ասել է Մյունխենի տեխնիկական համալսարանում՝ համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ:


«Ես այստեղ եմ նոր գործընկերություն սկսելու համար եւ աջակցելու եմ բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են զարգացնելու Հայաստանի գիտական եւ տեխնոլոգիական ներուժը»,- ասել է Արմեն Սարգսյանը՝ հրավիրելով ներկաներին այցելել Հայաստան:


ՀՀ նախագահն ընդգծել է, որ ցանկանում է զարգացնել համագործակցությունը հայկական եւ գերմանական համալսարանների, երկու երկրների գիտնականների միջեւ:


Համալսարանի նախագահ Վոլֆգանգ Հերմանը Արմեն Սարգսյանին ներկայացրել է համալսարանի գործունեության հիմնական ուղղությունները, մասնավորապես` բնական գիտությունների ու բժշկության ոլորտներում: Նա նշել է, որ պատրաստ են համագործակցության` ընդգծելով, որ Մյունխենի տեխնիկական համալսարանն իրականացնում է միջազգային փոխանակման բարձրակարգ ծրագրեր: