12:33 | 28.03.19 | Նորություններ | 5658

Սովորել եմ հարմարվել սթրեսին, ասում է PicsArt-ի հիմնադիրը

Հայ-ամերիկյան PicsArt ընկերության համանուն հավելվածն այս ամիս հայտարարեց ամսական 130 մլն ակտիվ օգտատերերի սահմանը հատելու մասին:

Sequoia Capital-ն հարցազրույց է հրապարակել PicsArt-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանի հետ:

Itel.am-ը ներկայացնում է Հովհաննես Ավոյանի մտքերից մի քանիսը:

Հարմարվել սթրեսին

Ես սովորել եմ հարմարվել սթրեսին: Դա ավելի լավ է, քան դրան վերաբերվել այնպես, կարծես աշխարհի վերջն է: Ես փորձում եմ ընդունել սթրեսն այնքան հանգիստ, որքան կարող եմ: Ձախողումը խաղի մաս է, նույնքան՝ որքան հաջողությունը, եւ եթե պատրաստ չես երբեմն ձախողել, գուցե ստարտափ ունենալը լավագույն որոշումը չէ քեզ համար:

Կառավարել էմոցիաները

Անգամ ամենահզոր ստարտափներն ունենում են պահեր, երբ ինչ-որ մեծ բան սխալ է գնում: Իմ հիմնադրած բոլոր ընկերություններն ունեցել են համարյա «մահվան տանող» գոնե մեկ փորձ, երբ մենք կորցրել ենք որեւէ խոշոր հաճախորդի կամ ինչ-որ բան է կատարվել եւ մտածել եմ, որ դա վերջն է: Մի քանի նման փորձերից հետո սովորում ես կառավարել քո էմոցիաները, սկսում ես հիշել այն ժամանակները, երբ ձախողել ես եւ հետո ամեն ինչ կարգավորվել է, եւ հասկանում ես, որ այս անգամ եւս հաղթող դուրս կգաս այդ իրավիճակից:

Համատեղել անձնականն ու բիզնեսը

Ընկերություն սկսելը այնքան շատ ժամանակ եւ էներգիա է տանում, եւ մարդիկ շատ ժամանակ են ծախսում անհանգստանալով, թե արդյոք ճիշտ հավասարակշռության մեջ են պահում բիզնեսն ու անձնական կյանքը։ Բայց ավելի լավ է ձգտել անձնական կյանքի եւ աշխատանքի համադրությանը: Ես այն մարդկանցից չեմ, որոնք, օրինակ, արձակուրդի ժամանակ համացանցից ընդհանրապես չեն օգտվում: Եթե չգիտեմ, թե ինչ ընթացքում է իմ բիզնեսը, ես չեմ կարող խաղաղ լինել: Բայց ես թույլ չեմ տալիս աշխատանքին ավերել իմ հանգստի ժամանակը։ Կարող եմ հաճելի նախաճաշել, ստուգել իմ էլ փոստը, ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ, եւ հետո կեսօրին, օրինակ, գործնական զանգ ունենալ։ Այս ամենը շատ օրգանիկ է։

Արձակուրդը եւս կարող է լավ ժամանակ լինել ռազմավարության շուրջ մտածելու համար, ինչի վրա դժվար է կենտրոնանալ, երբ դու առօրյա առաջադրանքների կիզակետում ես։ Ես ուղղակի չեմ զգում, որ պետք է պատ շարեմ աշխատանքի եւ իմ մնացած կյանքի միջեւ։ Դա իմ ամբողջ կյանքն է։

Ես ձգտում եմ համադրել, այլ ոչ թե հավասարակշռել աշխատանքն ու անձնական կյանքը:

Օրը սկսել գաղափարներ գրելով

Մի քանի տարի առաջ ես օրը սկսում էի տասնհինգ րոպե ծախսելով բրեյնսթորմինգի վրա։ Ես թեման ընտրում էի եւ գրում 10 գաղափար։ Դրանք կարող էին լինել անձնական կամ բիզնեսին առնչվող բաներ, օրինակ, ինչպես ավելացնել աճը կամ զարգացնել մարքեթինգը կամ գլխավոր պրոդուկտի փոփոխությունը։ Հաճախ դա ինչ-որ բան էր, որ իմ մտքում էր, երբ նախորդ օրը գնում էի քնելու։

Երբ օրը սկսում եմ գաղափարներ գրելով, այն մասին, թե ինչպես լուծել այն խնդիրները, որոնց բախվում եմ, դրանք ինձ արդեն չեն անհանգստացնում ամբողջ օրվա ընթացքում։

Գրի առնել օրական 10 գաղափար

PicsArt-ն ամենամեծ ընկերությունն է, որ ես երբեւէ հիմնել եմ, եւ կցանկանայի ավելին իմանալ հաջորդ շրջափուլերի մասին։ Ամեն նոր փորձ մակարդակի բարձրացման հնարավորություն է: Ես շատ բան եմ սովորել իմ նախկին ընկերությունների վաճառքի գործընթացից, եւ ինձ հետաքրքիր է, թե PicsArt-ն ինչպես կաճի։ Ես փորձում եմ եւ ժամանակից առաջ սովորում, խոսում մարդկանց հետ, որոնք նախկինում գտնվել են իմ դրության մեջ։ Հարցնում եմ նրանց, թե ինչն աշխատեց եւ ինչը չէ։

Ամեն ընկերություն տարբեր է, եւ ես գիտեմ, որ այն, ինչը հաջողություն բերեց նրանց, կարող է նույն էֆեկտը չունենալ մեզ համար։ Բայց դա օգնում է իմանալ նրանց կարծիքը: Նաեւ հետաքրքիր է լսել նրանց զգացողությունների մասին, երբ իմ դրության մեջ էին։ Նույնիսկ ամենահաջողակ տնօրենները մի ժամանակ նորեկ էին եւ երբեմն իրենք իրենց հարց էին տալիս՝ «Լավ, բա հիմա՞ ինչ անեմ»:

Հավատալ տվյալներին

Ես հակված եմ որոշում կայացնել՝ հիմնվելով տվյալների վրա, որովհետեւ եթե ես սխալվել եմ, թվերը դա ցույց կտան: Իհարկե, դու չես կարող ամեն ինչ հիմնել դատայի վրա: Երբեմն սովորում ես սխալներից կամ սեփական ինտուիցիայի վրա ես հիմնվում։ Բայց դատան չի խաբում, եւ այն կարող է քեզ ստիպել մտափոխվել: