10:30 | 28.03.19 | Նորություններ | 2926

ԱՏՁՄ-ն եւ Թայբեյի պատվիրակությունը քննարկել են WCIT 2019-ին առնչվող թեմաներ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) անդամները եւ եւ Թայբեյից ժամանած գործարարների եւ փորձագետների քննարկել են WCIT 2019-ին առնչվող թեմաներ։

Հանդիպմանը մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) նախագահ Իվոն Չուն, ում գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի հրավերով։

Համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել ԱՏՁՄ-ի եւ DIGITIMES-ի միջեւ՝ WCIT 2019 խորհրդատվական աշխատանքների եւ տնտեսության տարբեր ոլորտների զարգացման մոդելներ մշակելու վերաբերյալ: DIGITIMES-ը տեխնոլոգիական հարթակ եւ խորհրդատվություն ու այլ ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը 1985 թ.-ից ակտիվորեն մասնակցում է Թայբեյի ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքներում:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱՏՁՄ անդամներ «Մենթոր Գրաֆիկս», «ԱյՅուՆեթվորքս», «Ինստիգեյթ դիզայն», «Ինստիգեյթ մոբայլ», «ՎՕԼՕ», «Սի Քյու Ջի Այ Մա», «Մայքրոսոֆթ Հայաստան», «Սիներջի», «Վորքֆրոնտ Հայաստան», «Էպամ», «Դ-Լինկ», «Իքս Թեք», «Գրանթ Թորնթոն» ընկերությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:

Պատվիրակության այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Թայբեյի National Chiao Tung համալսարանի միջեւ ուսանողների եւ դասախոսների փոխանակման ծրագիր իրականացնելու վերաբերյալ։ Քառօրյա աշխատանքային այցի ընթացքում գործարարներն այցելել են նաեւ ՏՏ ոլորտի մի շարք ձեռնարկություններ եւ կազմակերպություններ։

Հիշեցնենք, որ ՏՏ համաշխարհային համաժողովը կկայանա հոկտեմբերի 6-9-ը Երեւանում: Դրան հրավիրված են մասնակցելու հանրային եւ մասնավոր ոլորտի ավելի քան 2000 գործիչներ՝ շուրջ 60 երկրից:

WCIT 2019-ի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը»: Համաժողովի թեմաներն են լինելու արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը, թվային ապակենտրոնացումը, ազգային թվային օրակարգերը, խելացի քաղաքները եւ այլն: