16:55 | 21.02.19 | Նորություններ | 15629

Ucom-ը կապահովի դպրոցներում ինտերնետի անվտանգ օգտագործումը

Փետրվարի 21-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Կողմերը կգործակցեն հանրակրթական դպրոցների համակարգիչների համար անցանկալի կայքերի անհասանելիության ապահովման ծրագրի շրջանակներում։

Մասնավորապես՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության թույլտվությամբ Ucom ընկերությունը համակարգչային անվտանգության ոլորտում բարձր վարկանիշ ունեցող «Սայբերսեկ» ՍՊԸ-ի որակավորված մասնագետների աջակցությամբ եւ ընկերության «DNS» սերվերի միջոցով կապահովի անցանկալի կայքերի հնարավորինս անհասանելիությունը դպրոցներում:

Բացի այդ, Ucom ընկերությունը մշտապես կհետեւի ծրագրի անխափան իրագործմանը եւ հնարավորինս սեղմ ժամկետներում կարձագանքի եւ համապատասխան միջոցներ կձեռնարկի նախարարության կողմից ծրագրի իրագործման ընթացքում հայտնաբերված թերությունների մասին իրազեկում ստանալու դեպքում:

«Մենք կարեւորում ենք ՀՀ հանրակրթական դպրոցներում աշակերտների համար կրթական առցանց ռեսուրսների մատչելիությունը եւ դրանց անվտանգ հասանելիության ապահովումը։ Պիլոտային ծրագիրը ներկայումս իրականացվում է 20, իսկ հետագայում կներառի 1400 դպրոց»,- ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ucom-ը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ երկարամյա եւ արդյունավետ համագործակցության փորձ ունի մասնավորապես հանրակրթության ոլորտում։ Մեր ընկերությունը մշտապես եղել է ինտերնետի ազատ եւ միեւնույն ժամանակ անվտանգ օգտագործման ջատագովը։ Որպես պատասխանատու ընկերություն մենք օժանդակում ենք ծնողներին սահմանափակել իրենց անչափահաս երեխաների մուտքն ինտերնետ եւ զերծ պահել նրանց բռնություն կամ մերկություն պարունակող բովանդակություն դիտելուց։

Նաեւ համալիր լուծումներ ենք առաջարկում մեծահասակների համար նախատեսված բովանդակության արգելափակման համար եւ ինտերնետից ներթափանցող վիրուսների դեմ։ ՀՀ ԿԳՆ հետ այս համագործակցությունն, անշուշտ, ավելացնում է պատասխանատվությունը բոլոր դպրոցականների նկատմամբ»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։