15:07 | 20.02.19 | Նորություններ | 9075
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ջանքերով՝ Վայոց ձորի Ագարակաձոր գյուղի մանկապարտեզում կառուցվում է արեւային ջրատաքացուցիչներով համալրված ջեռուցման լոկալ համակարգ:
Համակարգը նախատեսում է նաեւ 9.5ԿՎտ/Ժ հզորությամբ արեւային ջրատաքացուցիչ եւ 300լ տարողությամբ ջերմափոխանակիչ բաք: Ընթացիկ աշխատանքներն արդեն դրական ազդեցություն են թողել. նախատեսվող փոփոխության շնորհիվ՝ փոքրիկների թիվն ավելացել է: Նախկին 50-ի փոխարեն, աշխատանքներից հետո այստեղ դիմավորելու են 58 երեխայի: 1490 բնակիչ ունեցող գյուղի համար սա կարեւոր ձեռքբերում է:
«Մանկապարտեզը միշտ խնդիր է ունեցել: Երբ չենք կարողացել վառարաններով կամ հոսանքով տաքացնել սենյակները՝ մինչեւ ապրիլի 1-ը, երբեմն նաեւ 15-ը՝ փակել ենք մանկապարտեզը: Ցրտի պատճառով երեխաները շուտ են հիվանդանում, ծնողները վախենում են նրանց բերել: Հոսանքով ինչքան էլ միացնում ենք, սենյակը չի տաքանում: Վառարաններով էլ չի թույլատրվում. ինչքան էլ ուշադիր ենք լինում՝ մի դեպք պատահում է: Այս աշխատանքները կատարելուց հետո մանկապարտեզը կարող է աշխատել ամբողջ տարի: Դա կարեւոր է բոլորի համար»,- ասել է մանկապարտեզի տնօրեն Նախշուն Բեգլարյանը:
«Համայնքի բյուջեն թույլ չի տալիս նման խնդիրներ լուծել: Մանկապարտեզի ջեռուցման հարցի լուծումը կարեւոր աջակցություն է գյուղի համար: Առավել եւս, որ ի տարբերություն անցած տարիների ունենք ծնունդների ավելացում: Այս հնարավորությունը միանշանակ դրական է ազդելու», - ասել է Ագարակաձորի վարչական տարածքի ղեկավար Դերենիկ Մարտիրոսյանը:
Կառուցվող համակարգը գործելու է առավելագույն օգտակարություն ապահովելու սկզբունքով. գիշերային ժամերին օգտագործվելու է գազի կաթսան՝ ապահովելով մինիմալ ջերմաստիճան: Ցերեկային ժամերին՝ ջեռուցումն ապահովվելու է բացառապես արեւային ջրատաքացուցիչների միջոցով: Դա թույլ կտա նաեւ 40 տոկոսով տնտեսել գազի ծախսը: