17:46 | 20.12.18 | Նորություններ | 13632
Այսօր տեղի է ունեցել Հայկական PR մրցանակաբաշխությունը, որն իրականացվում է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) եւ Beeline-ի աջակցությամբ։
Մրցանակաբաշխության նպատակն է արձանագրել հանրային կապերի ոլորտի ձեռքբերումները, զարգացնել եւ հանրայնացնել Հայաստանում գրագետ հաղորդակցության մշակույթի կարեւորությունը, նպաստել PR մասնագետների ակտիվ դերակատարությանը քաղաքական-հասարակական գործընթացներում, հանրային կյանքում:
Հայկական Փի Ար ասոցիացիայի հետազոտական խումբն իրականացրել է հարցումներ թիրախային խմբերի (PR փորձագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ) հետ, կանոնավոր մշտադիտարկման են ենթարկվել գերատեսչությունների աշխատանքն ու պետական, քաղաքական, հանրային գործիչների գործունեությունը։
«Հայաստանում հաղորդակցության մշակույթը զարգանում է, եւ այդ գործում մեծ դերակատարություն ունի մրցանակաբաշխությունը։ Յուրաքանչյուր տարի ոչ միայն պարգեւատրվում են լավագույն ծրագրերն ու գաղափարները, այլեւ ուսումնասիրությունները թույլ են տալիս արձանագրել ոլորտում առկա խնդիրներն ու ձեռքբերումները, ինչպես նաեւ մարտահրավերները, իսկ ամբողջական արդյունքներն ամփոփվում են գիտական հոդվածի տեսքով»,- նշել է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը։
«ՀԲԸՄ Հայաստանը մեծապես կարեւորում է հանրային կապերի ոլորտի զարգացումը Հայաստանում, հատկապես նկատի ունենալով դրա կենսական նշանակությունը հանրային առողջ երկխոսության ու հասարակական գործունեությունում թափանցիկության ապահովման գործում: Այս իսկ պատճառով ոգեւորությամբ հյուրընկալեցինք եւ աջակցեցինք այս տարվա Հայկական PR մրցանակաբաշխությանը: Ուրախ ենք, որ նախաձեռնությունն այս տարի դարձավ համահայկական՝ ներառելով ՀԲԸՄ-ի առաջարկած երկու նոր՝ «Տարվա սփյուռքյան լրատվամիջոց» եւ «Տարվա կին» անվանակարգերը»,- ասել է ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:
«2018թ. ընթացքում մենք բոլորս ականատես եղանք, թե ինչքան կարեւոր է PR տեխնոլոգիաների եւ զանգվածային հաղորդակցության միջոցների ճիշտ կիրառումը։ Սոցիալական ցանցերի արդի աշխարհում եւ տեղեկատվության կայծակնային տարածման ժամանակաշրջանում հանրային կապերը կարեւոր են ամենուրեք եւ բոլորը՝ գերատեսչությունները, ընկերությունները, հասարակական կազմակերպությունները, ԶԼՄ-ները ցանկանում են գրագետ օգտագործել PR տեխնոլոգիաները։ Beeline-ը Հայաստանի PR մրցանակաբաշխության կողքին է եղել առաջին իսկ օրից եւ արդեն երեք տարի է, ինչ փորձում ենք նպաստել Հայաստանում հանրային կապերի զարգացմանը»,- ընդգծել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի անդամներն են՝ Վազրիկ Բազիլը (հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, դասախոս, ճառագիր), Դալար Կազանջյանը (ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն), Հրաչուհի-Մերի Պողոսյանը (Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի պրոֆեսոր), Միրո Խանզադյանը (ամերիկահայ PR մասնագետ, «GlobalHye & Associates» ընկերության հիմնադիր), Նարինե Հայրապետյանը (ՀԲԸՄ Հայաստանի հաղորդակցության ղեկավար), Նաիրա Նազարյանը (Հայաստանում Beeline-ի հանրային կապերի ղեկավար) եւ Աստղիկ Ավետիսյանը (Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR եւ հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար):
«Հայկական PR մրցանակաբաշխություն 2018» հաղթողներն են`
- Տարվա PR իրադարձություն՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողով (ՀՀ արտաքին գործերի նախարարություն),
- Տարվա իմիջային PR՝ Գլոբալ ինովացիոն ֆորում՝ «Հայաստանը նորարարության կենտրոն» իմիջի ամրապնդում (Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)),
- Տարվա հրապարակային գործիչ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան,
- Տարվա քաղաքական գործիչ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան,
- Տարվա մշակութային PR՝ «Շնչող արվեստ» նախաձեռնություն (ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն),
- Տարվա ԶԼՄ՝ «Ազատություն» ռադիոկայան,
- Տարվա պետական կառույց՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան,
- Տարվա ճգնաժամային կառավարում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամ,
- Տարվա PR նախաձեռնություն՝ «Էրեբունի-Երեւան 2800» գորգի ստեղծում («Մեգերյան կարպետ»),
- Տարվա ֆինանսական PR՝ InecoPAY վճարային լուծում (Ինեկոբանկ),
- Հայկական բրենդ՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան,
- Տարվա նորարարական PR՝ «Arloopa» ընկերություն,
- Տարվա PR տեխնոլոգիա՝ «Իմ քայլը» քայլարշավ (Քաղաքացիական պայմանագիր),
- Տարվա Հայաստանի բարեկամ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ
- Տարվա կին՝ Հասմիկ Պապյան (օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ)
- Տարվա սփյուռքի ԶԼՄ՝ «Օրեր» եվրոպական ամսագիր: