11:08 | 19.12.18 | Նորություններ | 6306
Դեկտեմբերի 17-ին Դիլիջանի միջազգային դպրոցում մեկնարկել է ՀՀ սփյուռքի նախարարության «ՆերՈւժ» ծրագրի բացման պաշտոնական արարողությունը, որի նախնական մեկնարկը տրվել էր դեկտեմբերի 16-ին Երեւանի քաղաքապետարանում:
Միջոցառման ընթացքում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Մարիասինը եւ Դիլիջանի միջազգային քոլեջի տնօրեն Գաբրիել Էռնեստո Աբադը:
Իր խոսքում Դմիտրի Մարիասինը նշել է, որ բարձր է գնահատում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությունը, որը նպատակ ունի հայաստանաբնակ եւ սփյուռքի երիտասարդ նորարարների միջեւ հաղորդակցման, փորձի փոխանակման եւ համագործակցության համար ստեղծել նոր հարթակ։ Անդրադառնալով նորարարության կարեւորությանն ու ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող ImpactAim աքսելերատորին` նա նշել է, որ «ՆերՈւժ»-ը բացառիկ հարթակ է մեկնարկային ծրագրեր ներկայացնելու, ֆինանսավորում ստանալու եւ դրանք իրագործելու համար:
«ՆերՈւժ» ինտերակտիվ ստարտափ ծրագիրը նախատեսված է Սփյուռքի 18-ից 35 տարեկան հայազգի երիտասարդ ձեռներեցների համար: Ծրագրին մասնակցում է շուրջ 70 ստարտափ, որից 50-ը՝ Սփյուռքից: Միջոցառման նպատակն է հայազգի երիտասարդ ձեռներեցների համար ստեղծել հնարավորություններ՝ Հայաստանում բիզնեսով զբաղվելու համար:
Ծրագրի գործընկերներից է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ImpactAim աքսելերատորը, որի աջակցությամբ նախագծին մասնակցել են մի շարք տեղական եւ միջազգային մենթորներ, այդ թվում Եվրոպայի առաջատար կլիմայական նորարարության նախաձեռնության՝ Climate-KIC-ի փորձագետներ ՄառԼա Բուրգեները, Հիլ Մարիա Կամպոս Ալաբաուն, Պատրիկ Բոթերմաննը:
Որպես նախագծի աջակից՝ ImpactAim-ի կողմից նախատեսված է հատուկ մրցանակ այն ստարտափի համար, որը կիրառում է տեխնոլոգիան հանուն Կայուն զարգացման նպատակների: Ստարտափերից մի քանիսը նաեւ հնարավորություն կստանան մասնակցել ImpactAim աքսելերատորի առաջիկա ծրագրերին