11:30 | 06.12.18 | Նորություններ | 12711
Հայտնի են Հայաստանում Beeline-ի եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված պրոդուկտի մշակման ճամբարի (product bootcamp) լավագույն երկու թիմերը, որոնք ժյուրիի ընտրության արդյունքում ստացան ընդհանուր 2,5 մլն դրամ՝ իրենց գաղափարը մեկ քայլ առաջ տանելու եւ պրոդուկտի նախատիպի վերածելու համար։
1,5 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ առաջին մրցանակին արժանացավ Festival թիմը, որը կմշակի կինոփառատոնների համար նախատեսված հատուկ հավելված։ Հավելվածի շնորհիվ օգտատերերը կկարողանան ծանոթանալ փառատոնի ծրագրին, մասնակցող ֆիլմերին եւ դիտել թրեյլերները։ Հավելվածը կհարմարեցվի յուրաքանչյուր փառատոնին՝ հաշվի առնելով նրանց առանձնահատկությունները եւ կարիքները։
Երկրորդ մրցանակին, որի արժեքն է 1 մլն ՀՀ դրամ, արժանացավ Rendchain թիմը, որի լուծումը համախմբում է առկա համակարգիչները՝ օգտագործելով բլոկչեյն մեխանիզմը։ Արդյունքում պրոդուկտի օգտատերերը կկարողանան օգտագործել համախմբված համակարգչային հզորությունը՝ իրենց վիզուալ (եւ ոչ միայն) պրոդուկտներն ի կատար ածելու համար։ Պրոդուկտի առաջին թիրախային ոլորտն է ֆիլմային ինդուստրիան։
«Ես ամեն անգամ չեմ դադարում հիանալ այն խանդավառությամբ եւ աշխուժությամբ, որը նկատում եմ թիմերի մոտ: Ավելի քան համոզված եմ, որ ժամանակակից եւ ճկուն մտածելակերպով եւ թվային նորարարությունների ուղղությամբ կենտրոնացած այս երիտասարդները կարող են դառնալ իրենց ոլորտում կարծիք թելադրողներ, իսկ Beeline-ն իր հերթին կշարունակի աջակցել հայկական ստարտափ էկոհամակարգի կայացման գործին»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ներկայացված բոլոր գաղափարներն ունեն ներուժ՝ հետագայում շուկայում ճիշտ թիրախավորման եւ զարգացման դեպքում եկամտաբեր պրոդուկտ դառնալու համար։ Պրոդուկտի մշակման ճամբարի շրջանակում մենք կշարունակենք աշխատել այս երկու թիմերի հետ՝ զարգացնելու իրենց գաղափարները։ Երեք ամիս անց նախատեսում ենք, որ գաղափարները մեկ փուլ առաջ գնացած կլինեն եւ կունենան առաջին նախատիպը»,- ասել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Ընտրության հիմնական չափանիշներն են եղել գաղափարի նորարարությունը եւ կիրառելիությունը, ինչպես նաեւ թիմի կազմը, մինչ այս փուլը կատարած աշխատանքը եւ զարգացումը։