11:12 | 05.11.18 | Նորություններ | 9659
Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (BANA) ներդրում է կատարել Himnark ստարտափում:
Himnark-ի նոր նախագիծը «Himnark-մարդիկ» համակարգն է, որն աշխատավարձի եւ դրա հաշվարկի հետ կապված կադրային գործի ավտոմատացման օնլայն հարթակ է։
Ծրագրի միջոցով հնարավոր է համակարգում ներմուծել աշխատակիցների տվյալներն ու աշխատանքային պայմանները, իսկ համակարգն ավտոմատ գեներացնում է պայմանագիրը, վճարման փաստաթղթերը, անհրաժեշտ դիմումները կամ հրամանները։ Աշխատավարձի հաշվարկն ու կադրային փաստաթղթերը ստեղծվում են մեկ համակարգում՝ միեւնույն տվյալների հիման վրա։
Նորաստեղծ ընկերության համահիմնադիրներն են Ռուբեն Օսիպյանն ու Սմբատ Պետրոսյանը։ Ամռանը ստարտափը դրամաշնորհ էր ստացել ԵՄ աջակցությամբ իրականացվող Նորարարական համաֆինանսավորվող մրցույթի (IMG) շրջանակում:
BANA-ի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ բիզնես հրեշտակների թիմը վերջին ամիսներին ակտիվ աշխատել է ստարտափի հիմնադիրների հետ:
«Ուրախ ենք հայտնել Himnark-ում մեր ներդրումների մասին։ Համագործակցության արդյունքում հասկացանք, որ «Himnark-մարդիկ»-ը կենսունակ արտադրանք է՝ ուժեղ եւ նվիրված թիմով, ուստի մեր բիզնես հրեշտակներին առաջարկեցինք դիտարկել որպես ներդրումային հնարավորություն։ Այսպիսով՝ BANA-ի բիզնես հրեշտակները համատեղ ներդրում արեցին «Himnark Մարդիկ» արտադրանքի համար»,- ընդգծել է նա:
Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի անդամները հայ եւ այլազգի գործարարներ եւ ներդրողներ են, ովքեր հետաքրքրված են ստարտափ թիմերում ներդրումներով։ Ֆինանսական կապիտալից բացի, բիզնես հրեշտակներն իրենց փորձը փոխանցում են նորաստեղծ ընկերությունների անդամներին, տրամադրում են անհրաժեշտ ռեսուրսներ եւ օգնում հաջողության հասնել միջազգային շուկայում։