10:35 | 09.02.18 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 38770

Armenia Startup Academy-ի շրջանավարտները՝ Himnark

Հայաստանի ամերիկյան համալսարանում փետրվարի 3-ին կայացել է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն առաջին շրջանի ստարտափների դեմո օրը, որի շրջանակում իրենց նախագծերն են ներկայացրել 11 թիմ:

Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի առաջին շրջանավարտներին:

Himnark

Himnark-ը մշակում է օնլայն համակարգ՝ աշխատավարձի հաշվարկի եւ դրա հետ կապված կադրային գործի ավտոմատացման համար։

Թիմում նշում են, որ լուծման շնորհիվ հաճախորդները կկարողանան կտրուկ նվազեցնել կադրային գործի ու աշխատավարձի հաշվարկի համար իրենց կողմից ներկայում ծախսված ժամանակը ու ռեսուրսները։

«Մեր լուծման նպատակային շուկան հայկական ՓՄՁ-ներն են։ Այս պահին հայկական շուկայում առկա նմանատիպ լուծումների գինը բարձր է եւ հասանելի չէ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար։ Թիրախային ոլորտներն են ՏՀՏ ընկերությունները, խորհրդատվական ընկերությունները, ծառայություններ մատուցող այլ ընկերությունները։

Ստարտափի թիմը բաղկացած է 11 փորձառու մասնագետից։ Ընկերության հիմնադիրներն են Ռուբեն Օսիպյանը եւ Սմբատ Պետրոսյանը: Ռուբենը ՏՏ ձեռնարկությունների ֆինանսների ղեկավարման, ինչպես նաեւ startup-ների ղեկավարման 10 տարուց ավելի փորձ ունի։ Սմբատը բազմապրոֆիլ մասնագետ է, ունի հաշվապահության, հաշվապահական ծրագրերի ղեկավարման եւ ՏՏ նախագծերի ղեկավարման փորձ։
 
Himnark-ում նշում են, որ Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագրին մասնակցության արդյունքում մեծ փորձ են ձեռք բերել:

«Հստակեցրել ենք մեր նպատակային լսարանի հետ հաղորդակցման ուղիները, անցկացրել հանդիպումներ թիրախային լսարանի ներկայացուցիչների հետ, որոնց հետ հարցազրույցների արդյունքում հիմնավորվեց գաղափարի կարեւորությունը եւ շուկայում դրա նկատմամբ պահանջը։ Ակադեմիայի ծրագրի շրջանակում ծանոթացանք ստարտափ ընկերության կայացման կարեւորագույն տեխնոլոգիաներին եւ գործիքներին եւ գործնականում կիրառելով դրանք՝ ստացանք անհրաժեշտ փորձը վաճառքների կազմակերպման, գործարար զարգացման եւ երկարաժամկետ պլանավորման ոլորտներում»,- նշել են թիմում:

Ստարտափի անդամները կոչ են անում մյուս հայկական ստարտափներին անպայման դիմել ծրագրի հաջորդ փուլերին:

«Մեր կարծիքով՝ այս ծրագիրը առավել օգտակար կլինի այն թիմերի համար, որոնք արդեն իսկ մշակել կամ մշակում են իրենց գաղափարի նախատիպը կամ լուծման նախնական տարբերակը եւ մոտական ժամանակներում պետք է շուկա մուտք գործեն։ Խիստ կարեւոր է մասնակցել ակադեմիայի դասընթացներին եւ տեսական գիտելիքը իսկույն կիրառել գործնականում։ Շատ կարեւոր է լինել պրոակտիվ եւ հնարավորինս շատ գիտելիք քաղել ակադեմիայի բազմափորձ, գիտակ ու շնորհալի թիմից։ Գուցե մանրուք է, բայց շատ կարեւոր է գրանցումներ անել դասերի ընթացքում եւ հասանելի դարձնել դրանք եւ՛ ծրագրին մասնակից ստարտափներին եւ՛ թիմին։ Առաջին իսկ օրվանից պետք է աշխատել startup-ի pitch-ի մշակման վրա եւ ցանկացած առիթ օգտագործել այն ներկայացնելու թիրախային լսարանի ներկայացուցչին եւ վերլուծել նրա կարծիքը այդ pitch-ի վերաբերյալ»,- ընդգծել են Himnark-ում:

Ստարտափն առաջիկա մեկ տարում նախատեսում է հայկական շուկայում հասնել ծախսածածկման եւ հիմք դնել հետագա լուծումների մշակմանը, ինչպես նաեւ արտասահմանյան երկրների շուկաներ մուտք գործել։ Այդ նպատակների իրագործման համար պատրաստվում են ներդրում ներգրավել հայաստանյան շուկայում, ինչի շուրջ բանակցություններն արդեն ընթացքի մեջ են։

Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։ Այն իրականացվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է:

Նարինե Դանեղյան